Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՃԱՆԱՊԱՐՀ

Եվ խոկմանց մեջ խորասուզված՝ ես միշտ հառաջ եմ գնում
Եվ հարցնում.— ո՛վ ճանապարհ, արդյոք ո՞ւր ես ինձ տանում
Դեպ խոկմանցս իմ ցանկալի նպատակիս կե՞տ որոշ,
Թե աղջամուղջ և մի անանց դեպի անունդ անորոշ...
Եվ ձայն չկա... Խոկմունքներս ինձ հուզում են, ինձ տանջում,
Եվ անվերջ է ճանապարհը,— ես միշտ հառաջ եմ գնում...

7 մարտի 1887.


ԱՐՁԱԳԱՆՔ

(Թոմաս Մուրից)

Թե խուլ անտառում գազան է մռնչում,
Թե փող է հնչում, թե որոտ գոռում,
Թե բլրի ետև աղջիկ է երգում,—
                    Յուրաքանչյուր ձայն
Ստանում է իսկույն դատարկ, պարզ օդում
                    Քեզնից պատասխան.

Դու հուշ ես ածում արոտի ձայնին,
Մրրիկների և ալյաց մնչյունին,
Եվ հովիվների աղաղակներին,—
Եվ իսկույն ևեթ
Պատասխանում ես. իսկ քեզ ձայն,— բնավին...
Այդպես ես, պոե՛տ։

11 հուլիսի 1887.


ԱՄՊԵՐ

Խե՜ղճ ամպեր... Երբոր երաշտությունից
Երկիրը ծարավ այրվում էր սաստիկ,
Դուք միայն նորան եղաք կարեկից —
Եվ բարձրից առատ անձրև թափեցիք։