Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես այդ կառեթ շինողներին բոլորին էլ ճանաչում եմ. նրանք միայն աշխատում են ֆասոնը պահպանել, որևէ մի խաղալիք կպցնել, բայց որ ամուր լինի, կերդվեմ, որ ամուր չեն շինում։ Ես, ջանիկս, կչոքեմ պարոն Բըկովի առջև, ես նրան կապացուցեմ, բոլորը կապացուցեմ։ Դուք էլ, ջանիկս, ապացուցեք, օրինավոր կերպով ապացուցեք նրան։ Ասացեք, որ մնում եք, չեք կարող գնալ․․․ Ա՜խ, ինչո՞ւ նա Մսսկվայում վաճառականի աղջկա հետ չամուսնացավ։ Թող այդպիսի մի աղջկա հետ ամուսնանար այնտեղ։ Վաճառականի աղջիկն ավելի կսազեր նրան, այդ արդեն ես գիտեմ, թե ինչու։ Իսկ եո ձեզ կպահեի այստեղ ինձ մոտ։ Ախր նա ձեր ի՞նչն է, ջանիկս, այդ Բըկթվը։ Ինչո՞վ նա ձեզ հանկարծ սիրելի դարձավ։ Դուք, գուցե թե նրա համար, որ նա շարունակ ֆալբալաներ է առնում ձեզ համար, դուք, գուցե թե, դրա՞ համար։ Բայց ախր ի՞նչ բան է ֆալրալան, ինչի՞ է պետք ֆալրալան։ Չէ՞ որ դա հիմար բան է, ջանիկս։ Այստեղ գործը վերաբերում է մարդկային կյանքին, իսկ ֆալբալան, ջանիկս, փալաս է, փալասի մի կտոր։ Հրես ես ինքս, հենց ռոճիկս ստանամ, ձեզ համար ինչքան ուզեք, ֆալրալա կառնեմ, կառնեմ ֆալրալա, ջանիկս. ես հրեն մի ծանոթ խանութ էլ գիտեմ, միայն թե սպասեցեք, որ ռոճիկս ստանամ, հրեշտակիկդ իմ, Վարինկա։ Ա՜խ, տեր իմ աստված, տեր իմ աստված։ Այդպես ուրեմն, դուք պարոն Բըկովի հետ անպատճառ տափաստան եք գնում, անդարձ դնում։ Ա՜խ, ջանիկս... Ո՛չ, դուք ինձ էլի գրեցեք, էլի նամակ գրեցեք ինձ ամեն բանի մասին, և երբ եք գնալու, այնտեղից էլ նամակ գրեցեք։ Թե չէ հրեշտակդ իմ երկնային, չէ՞ որ այս վերջին նամակը կլինի, և չէ՞ որ ոչ մի կերպ չի կարող լինել, որ այս նամակը վերջինը լինի։ Հա՛, է՜, ինչպես կարող է պատահել, որ այդպես հանկարծ, իսկապես, անպատճառ վերջինը։ Ո՛չ, ո՛չ, ես կգրեմ և դուք էլ գրեցեք․․․ Թե չէ իմ ոճն էլ հիմա ձևավորվում է... Ախ, բալիկս, ինչի՞ս է պետք ոճը։ Հրես հիմա չեմ իմանում ինչ եմ գրում, ամենևին չեմ իմանում, ոչինչ չեմ իմանում, և գրածս չեմ կարդամ, ոճս էլ չեմ ուղղում, այլ գրում եմ, միայն թե գրեմ, միայն թե շատ գրեմ ձեզ...

Աղավնյակդ իմ, բալիկս, ջանիկս։