Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ[1]

Բանաստեղծություններ

Նար-Դոսը գրական ասպարեզ է եկել բանաստեղծություններով (չհաշվտծ մանկական հասակում գրած «Մայրենի գանգատը» պիեսը, որի ձեռագիրը չի պահպանվել)։ Այս հրատարակությունում ևս գրողի ժառանգությունը ամբողջությամբ ներկայացնելու նպատակով զետեղվող բանաստեղծությունները կօգնեն ընթերցողներին հիմնավորապես ծանոթանալու մեր արձակի մեծ վարպետներից մեկի անցած գրական ուղուն, նրա աստիճանական զարգացմանը:

Նամակներ

1.

1 Գուլամիրյան Սիմեոն.— 1857—1899, խմբագիր «Արաքս» գրական-գեղարվեսաական հանդեսի (1887—1898, Թիֆլիս)։ Նար-Դոսն աշխատակցել է հանդեսին, ինքնուրույն և թարգմանական գործերով:

2.

1 Մալխասյան Հովհաննես.— 1868—1931, գյուղագիր, սովորել է Գևորգյան ճեմարանում. 1885 թ. տեղափոխվել Թիֆլիս և ընդունվել Ուսուցչական սեմինար, այստեղ ծանոթացել է Նար-Դոսի հետ։ Հայտնի է «Հորոտ-մորոտ» գրքով։ Գրել է պիեսներ և զբաղվել է ազգագրությամբ։ Նար-Դոսը եղել է նրա գրական խորհրդատուն և անաչառ քննադատը։ Նար-Դոսի հետ կազմել է «Գիր և կյանք» դասագիրքը։ Ն. Նախիջևանում հրատարակել է «Մեր ձայնը» պարբերականը (1907—1909)։ Թարգմանե; է Մ. Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը»։

4.

1 Խոսքը վերաբերում է Մոսկվայում 1888—1896 թթ. տպագրվող «Հանդես գրականական և պատմականի»­ խմբագիր Մկրտիչ Բարխուդարյանին։

5.

1 1892 թ. կաթողիկոսական ընտրությունների ժամանակ միմյանց դեմ պայքարում էին մշակականներն ու նորդարականները։ Գր. Արծրունու կողմնակիցները՝ Ղ. Աղայան, Հովհ. Թումանյան, Ստ. Լիսիցյան և ուրիշները ձգտում էին պատգամավոր ընտրել Գր. Արծրունուն, որ վերջինս ապահովեր Արիստակես արքեպիսկոպոսի թեկնածությունը կաթողիկոս ընտրվելու։

6.

1 Շահպարոնյան Բագրատ.— 1860, «Նոր-Դարի» քարտուղար-սրբագրիչ Սպանդար Սպանդարյանի մտերիմներից։ Օգնել է Սուրեն Սպանդարյանին և մյուս բոլշևիկներին աքսորում եղած ժամանակ։

  1. Օգտագործված է 1970 թ. հրտ. Երկերի ժողովածուի ծանոթագրությունները: