Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնվել եմ 1867 թ. մարտի 1-ին, Թիֆլիսում։ Հայրս բրդավաճառ էր, բուն թիֆլիսեցի, Զաքար անունով։ Շատ բարի մարդ էր և անուսում. գիտեր միայն վրացերեն կարդալ-գրել այնքան, որ պահում էր հաշիվները։ Մայրս նույնպես թիֆլիսեցի էր, նույնպես շատ բարի կին և անուսում. գիտեր նույնպես միայն վրացերեն կարդալ-գրել։ Խոսակցական լեզուն մեր տանը հայերեն էր՝ բուն թիֆլիսեցու և բուն հավլաբարցու բարբառով խառն։

Սկզբնական ուսումս ստացել եմ Հավլաբարի ս. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։

Մի ինքնատիպ դպրոց էր սա 70-ական թվականներին իր առավել ևս ինքնատիպ վարժապետով — ազգանունը Վասիլ Մելքիսեդեկյան։ Սա մոտ 50 տարեկան հիվանդոտ մի մարդ էր՝ ենթակա հարատև գլխացավի, որի պատճառով և միշտ մռայլ տրամադրության մեջ էր։ Թիֆլիսեցի և, կարծեմ, գիմնազավարտ, այս մարդը ուսուցչության հետ միաժամանակ դպրություն էր անում ս. Կարապետ եկեղեցում. ուրարակիր էր։ Կարծես Երուսաղեմ էր եղել, որովհետև ձեռքի դաստակը դաջած էր։ Մոլեռանդ ժամասեր էր և աղոթասեր. ինչքան էլ հիվանդ լիներ, երբեք ժամից ետ չէր ընկնիլ և մեզ՝ աշակերտներիս էլ ստիպում էր նույնն անել։ Աշակերտներս շատ էինք վախենում նրանից, որովհետև անխիղճ կերպով պատժել գիտեր, սկսած անկյունում չոքեցնելուց մինչև հաստ քանոնով մատների ծայրերին զարկելը։ Ապրում էր մեն-մենակ, դպրոցի շենքում, դասարանին կից՝ տախտակամածով