Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զատված բաժանմունքում։ Աշակերտներին ծառայեցնում էր իր անձնական և դպրոցի կարիքների համար.— տրակտիրից կամ դպրոցին մոտիկ ապրող որևէ աշակերտի տնից թեյի համար տաք ջուր էր բերել տարիս, ղրկում էր հացի, կերակրի, նավթի, գինու և այլն, ձմեռը ձյունից մաքրել էր տալիս դպրոցի կտուրը, աղբը թափել էր տալիս և այլն:

Դպրոցում սովորում էին 6—7 տարեկան երեխաներից սկսած համարյա մոտ 20 տարեկան պատանիներ, որոնք բոլորն էլ նատած էին եղած մի հատիկ դասարանում, մեծերը՝ առջևի նստարանների, փոքրերը՝ հետին նստարանների վրա։ Աշակերտների թվում կային և մի երկու վրացիներ, որոնց հետ վարժապետը վրացերեն էր պարապում։ Ուսումը տևում էր տարին չորս բոլոր. ամառվա արձակուրդ ասած բանը գոյություն չուներ, ընդհակառակը, ամառվա ամիսներին դպրոց էինք հաճախում օրական երկու անգամ — առավոտը և երեկոյան։ Երեկոյան դասին վարժվում էինք բացառապես փոխասացությամբ՝ ժամում փոխեր ասելու համար։ Ես այն աստիճան վարժվել էի ժամասացությանը, որ տանը «պատարագ կանգնեցնելը» իմ երեխայական խաղերից մեկն էր դարձել։

Չեմ հիշում քանի տարի մնացի այս դպրոցում, երբ մի օր մայրս տարավ ինձ Ներսիսյան դպրոց։ Բակը ղժվժում էր աշակերտներով, դուրսը պատշգամբում աթոռի վրա նստած էր մի մարդ կարտուզով և «չեքմա-կալոշով»։ (Շատ տարիներ հետո միայն իմացա, որ սա հանրածանոթ պարոն Գրիգորն էր)։ Մոտ կանչեց և հարցրեց. «ասա, տեսնեմ, կոշիկդ ինչի՞ կաշուցն է»։ Չիմացա։ Այս էր իմ հարցաքննությունը, որից հետո ես այլևս հայոց դպրոցի երես չտեսա։

Այս անհաջողությունից հետո մայրս տարավ ինձ քաղաքային նիկոլաևյան երկդասյան դպրոցը, որի տեսուչը Պողոս Քաթանյանն էր — այն ժամանակվա դպրոցական աշխարհում բավական ծանոթ մի դեմք։ Այս դպրոցում ընդունվեցի։

Նիկոլաևյան դպրոցն ավարտելուց հետո Պողոս Քաթանյանը նորավարտներից մոտ 8—18 հոգի, որոնց թվում և ինձ, հավաքեց, տարավ Խոնի (Քութայիսի նահանգ). տեղական