Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսուցչական սեմինարիան տալու համար։ Այս սեմինարիայում 8—10 հոգուց միայն ես և մի վրացի հաջող քննություն տվինք և ընդունվեցինք։ Սակայն հենց առաջին իսկ ամսում ես ստիպված եղա թողնել Խոնին և վերադառնալ Թիֆլիս, որովհետև հայրս, մեծ (խորթ) եղբորս դրդմամբ, որից վախենում էր նա, չէր կամեցել ընդամենը մի 100 ռուբլի ուղարկել, իբրև մի տարվա թոշակադրամ, որ պահանջել էր սեմինարիան, խոստանալով երկրորդ տարուց ինձ պահել պետական հաշվին։

Թիֆլիս վերադառնալուց հետո փորձեցի մտնել տեղական երկաթուղային դպրոցը, որը նույնպես չհաջողվեց, դարձյալ փողի պատճառով։

Մի տարի թափառեցի պարապ-սարապ. ծնողներս՝ տգետ, շրջապատս՝ տգետ. հոգացող, ուղի ցույց տվող չունեի։ Մտածում էի մի տեղ խանութի աշակերտ մտնել, բտյց հետո ավելի լավ համարեցի արհեստ սովորել և գնացի մտա Միքայելյան արհեստագիտական դպրոցը (Թիֆլիսում), մանավանդ որ այստեղ ուսումը ձրի էր։

Նույն տարի այս դպրոցը մտավ Ալեքսանդր Ծատուրյանը, որը նոր էր եկել իր հայրենիքից՝ Զաքաթալայից։ Սա էլ, անտեր-անտիրական, ինձ պես շատ էր աշխատել այս կամ այն միջնակարգ դպրոցը ձգել իրեն և ինձ պես չէր հաջողել ու ճարահատված եկել էր արհեստ սովորելու, մանավանդ որ Միքայելյան արհեստագիտական դպրոցում կերակրում էին ձրի։ Հենց առաջին ծանոթությունից ես ու Ծատուրյանը այնքան մտերմացանք իրար, որ շարունակ իրար հետ էինք. դասարանում նստած էինք իրար կողքի, արհեստանոցում բանում էինք իրար կողքի, սեղանատանը ճաշում էինք իրար կողքի, դպրոցից դուրս, ուր էլ լիներ իրար հետ էինք միշտ։ Երկուսս էլ ընտրել էինք փականագործությունը, բայց ոչ ես, ոչ Ծատուրյանը բնավ հակում չունեինք դեպի արհեստը, մեր ամբողջ ուշքն ու միտքը, մեր ամբողջ ձգտումը դեպի գրականությունն էր, հատկապես դեպի բանաստեղծությունն ու վիպասանությունը և մեկ էլ՝ դեպի թատրոնը։

Այս բանի վրա առանձին ուշադրություն դարձրեց մեր հայոց լեզվի և կրոնի դասատու Արսեն ավագ քահանա Բագրատունին — ինքը մասամբ բանաստեղծ (գրում էր