Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընծայացի ստորագրությամբ) և գրականության սիրահար, բայց առավել ևս մի հազվագյուտ մանկավարժ, որ կատաղի թշնամի էր դասագրքերի ու չոր ու ցամաք դասատվության։ Նրա ամեն մի դասը մի հետաքրքրական դասախոսություն, մի հաճելի ժամանց, մի կենդանի զրուցատրություն էր աշակերտների հետ լեզվի, գրականության և բարոյախոսության մասին։ Նա ձգտում էր ի հայտ բերել աշակերտների մեջ նրանցից ամեն մեկի անհատական ունակությունն ու ձիրքը և զարկ տալ, ուղղություն տալ այդ ունակությանն ու ձիրքին։ Եվ եթե ես ու Ծատուրյանը վերջը «մի բան» դարձանք, դրա համար մեծապես պարտական ենք հայր Բագրատունուն, որի խրախուսանքները դեռևս դպրոցական նստարանից մի անգամ առ միշտ որոշեցին մեր վիճակը, նետելով մեզ երկուսիս էլ գրականության գիրկը:

Մի բան, որ ոչ ես, ոչ էլ Ծատուրյանը հակում չունեինք դեպի արհեստը, բնականաբար չէինք էլ կարող և չուզեցինք շարունակել ուսումը Արհեստագիտական դպրոցում, ուստի երկուսս էլ մի տարուց հետո թողինք այդ դպրոցը և մեզ տվինք բախտի բերմունքին։

Բախտը Ծատուրյանին տարավ ձգեց նախ Նիժնի-Նովգորոդ, հետո՝ Մոսկվա, ինձ գամեց Թիֆլիսում և նետեց լրագրական ասպարեզ, ուր մինչև օրս էլ ես մնում եմ ցանցված, կատարելով շարունակ քարտուղարի ծայր աստիճան ձանձրալի, հոգնատանջ պաշտոնը։

Այդ պաշտոնում մարտիրոսագրությունս սկսվեց 1890 թվականի հունիսի 1-ից «Նոր-Դարում», որը կլանեց պատանեկությանս և երիտասարդությանս ամենալավ, ամենաբեղմնավոր տարիները, փոխարենը տալով այնքան չնչին նյութական վարձատրություն, որ այժմ կարող է պարզապես մի առասպել թվալ, օրինակ՝ պաշտոնի մտած օրիցս՝ 1890 թվի հունիսի 1-ից մինչև տարվա վերջը, այսինքն 7 ամսվա ծառայությանս համար ստացել եմ ընդամենը 70 ռուբլի. 1891 թվի ամբողջ տարվա համար՝ ընդամենը 136 ռուբլի, և այսպես շարունակ, ամեն տարի, մի քիչ ավելի կամ պակաս:

«Նոր-Դարի» հետ կապվեցի բոլորովին պատահական կերպով։

Բանն այսպես էր.