Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընկերներիցս մեկը, որի հետ աշակերտել էի դեռևս ս. Կարապետի դպրոցում, մի անգամ ձեռքիցս առավ պատանեկան գրվածքներիցս մեկը՝ «Ճշմարիտ բարեկամը», ասելով, որ կտա «Մեղուին» տպելու։ Նա «մեղվական» էր, որովհետև «Մեղուի» խմբագրատան փողոցում նրա եղբայրները մանրավաճառի խանութ ունեին, ուր ծառայում էր ինքը և որտեղից առևտուր էր անում Պետրոս Սիմոնյանը։ Այս բանը, կարծեմ, 1884 թվականին էր, երբ «Մեղու» լրագիրը Սպանդարյանի հեռանալուց հետո հոգեվարքի մեջ էր, յույս էր տեսնում անկանոն կերպով, շաբաթը երկու, թե երեք անգամ։ Պետրոս Սիմոնյանը գրվածքս պահել էր ծոցում ամբողջ ամիսներ և վերջն այնպես էլ վերադարձրեց առանց կարդալու։ Շատ զայրացա այդ անուշադրությունից և ընկերոջս խնդրեցի, որ գրվածքս տանի տա «Մշակին» (ինքս մի տեսակ վախ էի զգում առհասարակ խմբագիրներից՝ անձամբ խմբագրատուն մտնելու համար)։ Գրիգոր Արծրունին իսկույն կարդացել էր գրվածքս և, երբ ընկերս գնացել էր տեղեկանալու՝ կտպվի թե ոչ, խնդրել էր, որ հեղինակին, այսինքն ինձ, տանի իր մոտ, որովհետև ինքը մի քանի ցուցումներ ունի, որոնց համաձայն փոփոխություններ մտցնելուց հետո կտպվի։ Ես ընկերոջս առերես ցույց տվի, թե վիրավորված եմ զգում «հեղինակիս ինքնասիրությունը», որ ուրիշների ցուցումով պիտի բան գրեմ, բայց ճշմարտությունն այն է, որ ես պարզապես սարսափեցի իմ չնչին տեղովս Գրիգոր Արծրռւնու պես մի մեծ մարդու ներկայանալուց։ Ու չգնացի. ես խնդրեցի ընկերոջս, որ գրվածքս առնի տանի տա «Նոր-Դարին»։ Ընկերս այդպես էլ արավ, և ահա պատանեկական անդրանիկ արձակ գրվածքներիցս մեկը՝ «Ճշմարիտ բարեկամը» առաջին անգամ լույս տեսավ «Նոր- Դարի» մեջ 1886 թվին «Միխո—Օհան» (Միքայել Հովհաննիսյան) ստորագրությամբ։

Դրանից հետո նույն ընկերոջս ձեռքով «Նոր-Դարին» ուղարկեցի երկրորդ արձակ գրվածքս «Նունե» վերնագրով, որը սակայն ամենաառաջին վիպական երկն է՝ գրված «Ճշմարիտ բարեկամից» առաջ։ «Նունեն» ևս տպվեց «Նոր-Դարում» նույն 1886 թվին, այս անգամ արդեն Նար-Դոս ստորագրությամբ, թեև այդ գրվածքս ուղարկել էի իմ իսկական