Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այդ ժամերին եմ գրել ես գրական երկերս մեծ մասամբ։ Այստեղից պարզ պիտի լինի, թե ինչու ես այնքան քիչ բան եմ գրել համեմատաբար։

«Նոր-Դարի» ժամանակավոր դադարման ժամանակ (1904 թ.), որը հետևանք էր խմբագիր Սպանդարյանի աքսորման, Տիգրան Նազարյանի կողմից հրավիրվեցի վարելու «Աղբյուր—Տարազի» քարտուղարի և սրբագրիչի պաշտոնը։

Այնուհետև, «Նոր-Դարի» վերջնական դադարումից հետո, սկսվեցին իմ թափառումները զանազան թերթերի խմբագրատներ՝ քարտուղարի պաշտոնով։ Սակայն այդ բոլոր թերթերի խմբագրատներումն էլ իմ գործավարությունը կրել է միայն ժամանակավոր և կարճատև բնույթ, այն չափով, ինչ չափով այդ թերթերը գոյություն են ունեցել, բացի մի թերթից, ուր քարտուղարի պաշտոնի հրավիրվեցի 1913 թվից (մայիսի 1-ից) և վարեցի այդ պաշտոնը համարյա ամբողջ 6 տարի, մինչև այդ թերթի դադարումը՝ 1918 թվի վերջը։

Գրել սկսել եմ համարյա մանկական հասակից, ամենաառաջին երկս, որ գրել եմ այդ հասակում, եղել է մի պիես՝ Թիֆլիսի բարբառով։ Թղթերիս մեջ չի պահպանվել այդ գրվածքս, բայց վերնագիրը հիշում եմ— «Մայինի գանգատը»։ Բովանդակությունը մի արբեցողի ընտանեկան կյանքն էր։ Թե ինչու Թիֆլիսի բարբառով էի գրել,— պատճառն այն էր, որ այդ միջոցին կարդացել էի Սունդուկյանի «Պեպոն» և նրա կենդանի լուսանկարչական հարազատությամբ դուրս բերած տիպերն ու լեզուն շատ էի հավանել։ Այս էլ ասեմ, որ այդ միջոցին ես թատրոն, ներկայացում ասած բանը չէի տեսել և ոչ մի գաղափար չունեի թատերական երկերի մասին, այն աստիճան, որ «Պեպոն» կարդալիս ամեն մի գործողության վերջը գրված «վարագույր» բառը չէի հասկանում, թե ինչ է նշանակում։

Այնուհետև պատանեկական հասակումս ես գրել եմ մի քանի պիեսներ, որոնցից թղթերիս մեջ պահպանվել են միայն երկուսը — մեկը «Մեղր ու ճանճեր» վերնագրով մի կոմեդիա (գրված 1886 թվին) և մյուսը՝ «Եղբայր» վերնագրով մի դրամա (1887 թ.), որը կիսատ է մնացել և գրել եմ ոտանավորով, Լերմոնտովի «Դիմակահանդեսի» տպավորության տակ։