Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծատուրյանի հետ ընկերանալուս եմ վերագրում այն հանգամանքը, որ որոշ տարիներ (1883—1887) ես էլ ոգևորված էի ոտանավորներ գրելով և թարգմանելով։ Ամենաառաջին ոտանավորս, «Գարուն» վերնագրով, գրել եմ Պեշիկթաշլյանի հանրածանոթ համանուն բանաստեղծության նմանողությամբ, Արհեստագիտական դպրոցում աշակերտածս ժամանակ Բագրատունու թելադրանքով (նույնպիսի մի ոտանավոր գրել էր և Ծատուրյանը)։ Այդ ոտանավորներից տպված են մի երկուսը Գուլամիրյանի «Արաքս» հանդեսում («Մենաստան» և «Ես սիրում եմ»), կարծեմ 1888 թվին, մեկը՝ Տեր-Գրիգորյան քահանայի «Սոխակում» (չեմ հիշում վերնագիրը և թվականը)։ 1887 թվից հետո միանգամայն դադարեցի ոտանավորներ գրել, որովհետև համոզվեցի, որ չափածո բանաստեղծությունը իմ բանը չէ։

Ընթերցասիրությունն իմ մեջ զարթել է շատ վաղ, «Խենթը» և «Դավիթ Բեկը» կարդացել եմ դեռևս «Մշակում» տպագրվելիս։ Անչափ սիրում էի Րաֆֆիի գրվածքները. ընդհակառակը, Ծերենցը և Պռոշյանը միշտ ձանձրույթով եմ կարդացել։ Աբովյանի «Վերքը» մինչև վերջացրի՝ հոգիս դուրս եկավ։ Կարդում էի ամեն բան, ինչ որ ձեռքս ընկներ, միայն թե ձեռքս ընկներ, իսկ հայերեն գիրք շատ քիչ կար։ Կարդացել եմ «Հյուսիսափայլի», «Կռունկի», «Փորձի» համարյա բոլոր գրքերը և նույնիսկ Ստ. Նազարյանի «Հանդես հայախոսությանի» երկու ստվար հատորները և Շահազիզի «Հրապարակախոս ձայնը»։ Պատմական գրքեր չէի սիրում։

Ռուսերեն կարդացած գրքերի թվում այն ժամանակվա հուշատետրիս մեջ նշանակած ունեմ մի շարք անուններ։ Սկզբում կարդացել եմ ֆրանսիական, ինչպես ասում են, բուլվարային ռոմաններ, օրինակ՝ «Ռոկամբոլ» (12 հատոր) և ուրիշ շատ նման հայտնի ու անհայտ արկածալի վեպեր, հետո Վիկտոր Հյուգո, Ժորժ Զանդ, Դյումա-Հայր և այլն։ Էմիլ Զոլան կարդացել եմ ավելի հասուն հասակում, ինչպես և Գի դը-Մոպասանը։ Ռուս հեղինակներից հուշատետրիս մեջ նշանակված են Գոնչարով, Տուրգենև, Դոստոևսկի, Տոլստոյ, Բելինսկի և այլն։ Գրականության պատմությունից նշանակված են՝ Гетнер — «История англ. и франц. лит. восемьнадцатого