Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ՀԱՅՐԸ ԵՎ ՈՐԴԻՆ

Սուրեն Սպանդարյանի մահվան 10-ամյակի առթիվ կուզեի համառոտակի մի զուգահեռ քաշել նրա և իր հոր — Սպանդար Սպանդարյանի միջև, իբրև պատմական երկու անվանի անձնավորությունների, որոնցից յուրաքանչյուրն իր հասարակական ուրույն դերը խաղաց մեր կովկասյան և մասնավորապես հայկական իրականության մեջ։

Սպանդար և Սուրեն Սպանդարյաններ։ Հայր և որդի — երկու անտիպոդ, երկու հակառակ բևեռ, երկու տարամերժ անձնավորություն, մեկը մյուսին ժխտող։ Մեկը թունդ ազգայնական, մյուսը մոլեռանդ միջազգայնական։ Հայրը որդու, որդին հոր դեմ։

Հայրերի և որդիների մշտնջենական պատմությունը...

Սուրենը պայքարում էր իր խմբագիր հոր գաղափարների և առհասարակ նրա թերթի ուղղության դեմ ոչ միայն հասուն հասակում, երբ նա իր աշխարհայացքով և բնույթով արդեն կազմակերպված բոլշևիկ էր՝ աներեր իր գաղափարներով, այլև դեռևս պատանի ժամանակ, երբ տակավին նոր էին բացվում նրա գիտակցության աչքերը, երբ նա նոր էր սկսում դիտել իր շրջապատն իրեն հատուկ սուր քննադատական հայացքով, երբ նոր էր սկսում իր բնածին խելքով ինքնուրույնաբար դատել ժամանակակից հարցերի և երևույթների մասին։

Քիչ թե շատ մոտիկ լինելով Սպանդարյանների ընտանեկան կյանքին, երկար տարիներ շփվելով նրանց հետ, շատ անգամ է պատահել, որ ես ներկա եմ եղել բուռն ու համառ, երբեմն պարզապես կրքոտ վիճաբանությունների՝ խմբագիր հոր և գիմնազիստ որդու միջև՝ ժամանակակից հրատապ խնդիրների մասին, վիճաբանությսւններ, որոնց ժամանակ հայրը երբեմն զայրացած շպրտում էր որդու երեսին՝ «Սո՛ւս արա, ոչինչ չես հասկանում» բառերը։ Բայց Սուրենը սուս անողը չէր, համառության կողմից իր հոր զավակն էր։ Այդ վիճաբանություններին երբեմն մասնակցաւմ էին Սուրենի երկու ավագ եղբայրները, իբրև իրենց հոր գաղափարի պաշտպաններ, և, չնայեյով երեքի (հոր և երկու մեծ որդիների) միասնական գրոհին, փոքրիկ Սուրենն իր ճարտար