Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեզվով և արգումենտացիայով եթե չէր հաղթում, չէր էլ հաղթվում։ Ու երկու կողմերն էլ ժեռ քարի պես մնում էին անսասան կանգնած իրենց տեսակետների վրա։

Պետք է ասեմ, որ Սուրենը, բացի բնածին ուշիմությունից և աչքաբացությունից, հորից ժառանգել էր և նրա անզիջողականությունը հակառակորդի դեմ, իր հայացքներին հաստատուն մնալը, համառ դիմումը դեպի իր նպատակակետին։ Հասարակական ջիղ, խիզախ, բողոքող, ըմբոստ ոգի, սակայն այդ բոլորը միանգամայն այլ ուղղությամբ, քան հայրը։

Սրան պետք է ավելացնել և նրա ծայր աստիճան ընթերցասիրությունը, որը նկատվում էր նրա մեջ դեռևս մանուկ հասակից։ Գրքերը լափում էր ուղղակի մի շնչում։ Հարյուրավոր երեսանոց որևէ հաստափոր մի գիրք նրա համար մի երկու օրվա պաշար էր։ Եվ հազիվ թե ռուս ժամանակակից գրականության մեջ նշանավոր մի աշխատություն լիներ — գեղարվեստական թե գիտական,— որ նա կարդացած չլիներ։ Այդ գրքերի մեջ մարքսիստական աշխատությունները, անշուշտ, հետին տեղ չէին բռնում։ Եվ, հարկավ, վերջիններիս ազդեցության տակ էր մեծ մասամբ, որ Սուրենը դեռևս պատանի հասակից կամաց կամաց մշակում, ձևավորում, միս ու արյուն էր դարձնում իր ինտերնացիոնալ գաղափարները, որոնց նա այնուհետև, հասուն հասակում, այնպես մոլեռանդաբար կառչած մնաց, հակառակ այն թունդ ազգայնական մթնոլորտին, որ տիրում էր իր շուրջը և ընտանիքում՝ իր հրապարակախոս հոր շնորհիվ։

Երկու հակադիր բևեռներ, տարիների ընթացքում, քանի գնում՝ այնքան հեռանում էին իրարից, նրանց բաժանող վիհը քանի գնում՝ խորանում էր, մինչ այն աստիճան, որ ես կասկածում եմ, թե վերջը, երբ գաղափարական անտագոնիզմն արդեն կատարյալ էր և երբ ես կորցրի նրանց իմ տեսողությունից, պահպանվե՞լ էր արդյոք հոր և որդու մեջ նույնիսկ հայրական ու որդիական հարազատության բնական զգացումը։

Թերևս այդ անբնական և տարօրինակ չլիներ, մանավանդ այն պատճառով, որ գաղափարապես իրար հակոտնյա լինելով հանդերձ՝ պատմական կյանքի գոռ ալիքներն եկան