Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույն մեշչանուհիները, ինչ որ իրենց տգետ մայրերը, մորաքույրները, հորաքույրները և այլն։

Հարցնում եք՝ «Սպանված աղավնին» կարելի՞ է իմ գլուխ գործոցը համարել և իրակա՞ն թեմա է։

Հարկավ, ես չեմ որոշողը, թե այդ վիպակն իմ գլուխ գործոցն է. իսկ թեման ոչ միայն իրական է, այլև, եթե կարելի է այսպես ասել, որ գերիրական։

Ի դեպ ասեմ, որ «Սպանված աղավնու» նյութը ես հիմնական վերամշակման եմ ենթարկել, և այդ վիպակը, որը վերամշակումից հետո մի ընդարձակ վիպակ է դարձել, շուտով լույս կտեսնի Երևանում Պետհրատի հրատարակությամբ:

«Մահը» վեպիս մեջ ուզեցել եմ գծել կյանքի և մահվան պրոբլեմը գործունեության եռանդով լեցուն լավատեսի և ապատիայի ենթարկված հոռետեսի իրար հակադիր տեսակետներից։ Առանձնապես մահվան պրոբլեմն աշխատել եմ տալ վեպի վերջում՝ Շահյանի նամակի մեջ։

Ձեր հարցացուցակի մեջ ես հարցումները չգտա իմ մի ուրիշ վեպի՝ «Պայքարի» և «Մեր թաղը» պատմվածքներիս ժողովածուի մասին, բայց և այնպես մի երկու խոսք էլ այդ երկերիս մասին կասեմ։

«Պայքարի» մեջ աշխատել եմ դուրս բերել այն ժամանակվա (խոսքը 90-ական թվականների մասին է) մեր հասարակական գործիչների զանազան ներկայացուցիչների տիպեր, համարյա բոլորն էլ իրականից վերցված։ Ուզեցել եմ պատկերել այն ժամանակվա հասարակական երկու գլխավոր հոսանքների — պահպանողական և ազատամիտ, կամ, այսպես կոչված՝ նոր-դարական և մշակական — բախումը։

Գալով «Մեր թաղի» պատմվածքներին, դրանք իմ պատանեկական կյանքի անմիջական տպավորությունների տակ գրած աշխատություններն են, բոլորն էլ իրական կյանքից։

Իմ գրվածքներում ես ուզեցել եմ պատկերել առհասարակ մեծ քաղաքի խուլ թաղերում իրենց ողորմելի կյանքը քարշ տվող խեղճ, աղքատ դասակարգի չարքաշ կյանքը, այդ դասակարգի մեջ տիրող մտավոր թանձր խավարը, նախապաշարումներր, մանավանդ կնոջ սոսկալի վիճակը տղամարդու