Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք որքան էլ մեծ լինեին, այնուամենայնիվ, չէին կարող մեն-մենակ առաջ շարժել գրականության ծանր անիվը։

Այս բոլորը վերաբերում էր հարկավ և մեր գրականությանը։ Պրոֆեսիոնալ գրողներ մենք համարյա թե չունեինք, որովհետև գրականությունը գրողին չէր ապահովում։ Մենք ունեինք միայն ի միջի այլոց գրողներ։ Սրանով պիտի բացատրել այն հանգամանքը, որ մեր գրողներից շատերն այնքան չեն գրել, որքան որ կարող էին։ Հրատարակչական գործը մեզնում դարձել էր մի տեսակ «բարեգործություն»։ Հեղինակը դիմում էր այս կամ այն «ազգասեր» հարստին, որը երկար չեմ ու չում անելուց հետո վերջապես համաձայնում էր հոգալ գրքի տպագրության ծախքերը՝ ոչ թե «ազգասիրությունից», այլ զահլա տանող հեղինակին գլխից ռադ անելու համար։ Հեղինակն էլ ի նշան «երախտագիտության» գիրքը նվիրում էր նրա անվան և գրքի ճակատին գրում՝ «Ծախյուք մեծապատիվ այս-ինչի»։ Ունեինք երկու հրատարակչական ընկերություն, մեկը Թիֆլիսում «Կովկասյան» անունով, մեկը Բաքվում տեղական Մարդասիրական ընկերության կից, և մի-երկու էլ գրավաճառ, որոնք տարեկան հազիվ մի քանի անուն գիրք էին հրատարակում պատահական կերպով, առանց որոշ ծրագրի և ուղղության։

Ահա այն ողբալի դրությունը, որ տիրում էր հեղափոխությունից առաջ ԽՍՀՄ մեջ ընդհանրապես և մեզնում մասնավորապես։

Խորհրդային իշխանությունը, որի գլխավոր նպատակներից մեկն էլ կուլտուրական հեղաշրջումն է, եկավ մի անգամ առմիշտ վերջ տալու այս դրությանը. հրատարակչական գործը կենտրոնացրեց պետության ձեռքը և լայն ասպարեզ բաց արեց ամեն մեկի համար, ով շնորհք և ցանկություն ուներ իրեն նվիրելու գրական գործունեությանը։ Գրականությունը դուրս եկավ իր լճացած դրությունից, ծավալվեց, դարձավ մասսայական. պրոլետարիատի ծոցից սկզբում երերուն քայլերով և ապա ավելի ու ավելի վստահորեն ու համարձակ հանդես եկան բազմաթիվ նոր գրողներ իրենց մինչ այդ չլսված նոր խոսքով, իրենց մինչ այդ չտեսնված գրչի նոր թափով և կյանքի այնպիսի անկյունների լուսաբանությամբ,