Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց, որ նրանք ակամա գամված մնացին իրենց տեղերում մինչև վերջը։

Ահա՛ ձեզ մի ցայտուն օրինակ պրոլետգրականության նվաճումների շարքում։

Գալով ուղեկցային գրականության նվաճումներին, պիտի ասեմ, որ եթե այսպես կոչված ուղեկիցները որևէ նվաճում ունեցել են այս տասնամյակում, ապա այդ ևս պետք է համարել պրոլետգրականության նվաճում՝ այն չափով, որ պրոլետգրողները կարողացել են գրականության մեջ բացած իրենց նոր ուղիով իրենց հետ տանել նախահեղափոխական գրողներից շատերին։ Խորհրդային կարգերում և սոցիալիզմ կառուցող պրոլետարական պետության մեջ գրողը եթե չի ուզում ասպարեզից դուրս մնալ, ուրիշ ելք չունի, եթե ոչ միայն համընթաց քայլել պրոլետարիատի հետ դեպի սոցիալիզմի վերջնական հաղթանակը։ Դարձ չկա։

Ձեր երրորդ հարցն է, թե ի՞նչ «պահանջներ» կառաջադրեի ես մեր գրականությանը հետագայում։ «Պահանջների» մասին խոսք չի կարող լինել. ես միայն ցանկություն կարող եմ հայտնել։ Հինը հնանում է, նորը զարգանում, բայց վատ չի լինի, եթե նորը մի քիչ ուսանի հնից. այդ վնաս չի տա, եթե օգուտ չտա։ Ես կցանկանայի, որ մեր սկսնակ արձակագիրներից, առանձնապես բանաստեղծներից ոմանք երբեք աչքաթող չանեն իրենց աուդիտորիան, չընկնեն վերացականության գիրկը, մի քիչ, եթե կարելի է այսպես ասել, քիչ բանաստեղծություն անեն, թողնեն ոչինչ չասող փքուռույց բառերը, գրեն հասկանալի լեզվով, գրելուց առաջ լավ մտածեն, թե ինչ են ուզում ասել, և ապա թե գրեն։ Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է։ Հետո, խորհուրդ կտայի հիշել Վոլտերի խոսքերը. «Բոլոր տեսակները լավ են, բացի ձանձրալիից»։

Ի՛նչ ձևով և ինչի՛ մասին ուզում են, թող գրեն, միայն թե գրածը ձանձրալի չլինի։

Ինչ վերաբերում է ձեր վերջին հարցումին մեր գրական քննադատության մասին, իմ ցանկությունն է, որ նա հեռու մնա խմբակայնությունից, անձնական-բարեկամական նկատառումներից, միանգամայն անկախ դիրք բռնի և ավելի ընդարձակ ծավալ ստանա։ Քննադատությունը գրականության