Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտահայացքներով ու շահերով, առաջ քաշելու աշխատավոր ժողովրդի լայն զանգվածները, նրանցով և նրանց միջոցով նոր կյանքի, նոր կենցաղի, սոցիալական նոր իրավակարգի հիմքը դնելու համար։

Բայց այստեղ խորհրդային իշխանության առջև ծառացած էր մի մեծ խոչընդոտ, որը պետք էր վերացնել առանց դանդաղելու, հարվածային կարգով։ Դա աշխատավոր ժողովրդի լայն զանգվածների վրա ծանրացած անցյալի անեծքն էր — նրանց մտքի և հոգու մեջ տիրող խոր խավարը։ Ամենից առաջ համատարած անգրագիտությունը, առանց որի վերացման անկարելի էր առաջընթացությունն այն նոր ուղիներով, որոնք տանում են դեպի խորհրդային իշխանության նպատակները — դեպի սոցիալիզմի կառուցումը։

Ահա թե ինչու խորհրդային իշխանությունն իր հաստատման հենց առաջին օրերից իրեն հատուկ ամբողջ թափով նետվեց դեպի անգրագիտության վերացման ֆրոնտը։ Եվ այս ֆրոնտում նրա ունեցած հաջողությունը կարող է մինչև անգամ հրաշք համարվել։ Հիրավի, մի՞թե հրաշք չէ, որ երեկվա նախապաշարված, իր բիրտ ամուսնու ձեռքին տանջված, չարչարված խեղճ ու կրակ կինն այսօր այբբենարանը և թուղթն ու մատիտը կռան տակին շտապում է դեպի լիկկայան։ Մի՞թե հրաշք չէ, որ երեկվա անգրագետ բեռնակիր մշակն այսօր աշխատանքից ազատ ժամերին այս կամ այն պատի տակ իր փալանին հենված՝ լրագիր է կարդում։ Այսպիսի բան ե՞րբ է եղել տեսնված։

Թեև անգրագիտության լրիվ վերացումը դեռևս մի քանի տարի է պահանջում, բայց այսօր իսկ նրա ահագին ազդեցությունը գրականության զարգացման ու տարածման, հետևաբար և գրողի աշխատանքի պայմանների վրա ակներև է։

Մի թռուցիկ համեմատություն մեր գրականության անցյալի և ներկայի միջև, հին և նոր սերնդի գրողների աշխատանքի պայմանների միջև, ցույց կտա, թե ինչ հսկայական փոփոխություն է կատարված այդ տեսակետից մեզանում, խորհրդային իշխանության հաստատման այս տասնամյակում։