Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ կարծիքս որքան էլ աննպատակ լինի, չեք նեղանալու, և ես կարծում եմ, որ նեղանալու առիթ չպետք է լինի, քանի որ անկեղծ կարծիքը միշտ օգտակար կարող է լինել։ Եվ այսպես ահա ի՛նչ է իմ կարծիքս Ձեր վեպի մասին։ Ես այստեղ Ձեր գրվածքի մասին «վեպ» եմ գործածում նրա համար, որ դուք տետրակի վրա «վեպ» եք գրել, մինչդեռ Ձեր «Այրի Մուշեղյանը» վեպ չէ և ոչ վիպական գրվածքի մի որևէ տեսակ, դա սկզբից մինչև վերջը բարոյախոսություն է, չոր ու ցամաք հանրածանոթ խրատների ժողովածու։ Այդ այդպես լինելով, ուրեմն պարզ հասկանալու է, որ Ձեր գրվածքը զուրկ է իսկական վիպական գրվածքի ամենաէական պայմաններից՝ կյանքի ճշտությունից և հոգեբանական անալիզից. այդ պայմաններն են միայն, որ վեպ լինելու հավակնություն ունեցող գրվածքի մեջ դուրս բերված գործող անձերին շունչ և կենդանություն են տալիս։ Սկզբից մինչև վերջը կարդացի Ձեր գրվածքը և դա հիշածս պակասությունների պատճառով ինձ վրա ոչ մի տպավորություն չթողեց։ Մի ուրիշ պակասություն, որ պակաս աչքի չէ ընկնում Ձեր «Այրի Մուշեղյանի» մեջ, այդ գլխավոր անցքերի առանց պատճառների կատարվելն է, պատճառների, որոնք ուղղակի բխում լինեին գրվածքի ընթացքից, գործող անձերի իրար միջև ունեցած հարաբերություններից, մի խոսքով ուղղակի և անմիջական կապ ունենային գրվածքի հետ և ոչ թե ծագում լինեին գրվածքից դուրս թեկուզ հենց բնական պատահարներից. օրինակ, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է մեռնում Մուշեղյանի օրիորդ ժամանակվա սիրահարը — Գևորգը, ինչո՞ւ է մեռնում այրի Մուշեղյանի որդին, ինչո՞ւ է մեռնում նույնիսկ ինքը — այրին... Ինչ ուզում եք ասացեք, բայց դրանց մահվան պատճառներն ես ոչ մի բանի չեմ վերագրում, բացի նրանից, որ Դուք այդպես եք կամեցել. իսկ Դուք գիտե՞ք, որ հեղինակի կամքն իրավունք չունի դուրս գալ գրվածքի սահմաններից, այլապես դա մի տարօրինակ բան դուրս կգա, ինչպես և, իրոք, դուրս է եկել Ձեր «Այրի Մուշեղյանը»։ Խոսք չկա, Ձեր ընտրած նյութը համակրելի է. բայց վերոհիշյալ պակասությունների պատճառով այդ նյութը մեռած տառ է մնում, որ զգացնելու, տպավորություն գործելու, նույնիսկ օրինակելի դառնալու ոչինչ ուժ