Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունի։ Գուցե ես ավելի խիստ եմ վերաբերվում Ձեր գրվածքին, քան այդ պետք է, բայց ի՜նչ արած. ես գրում եմ այն տպավորության տակ, ինչ տպավորություն որ գործել է ինձ վրա այդ գրվածքը։ Ի վերջո մի նկատողություն, թեև Դուք ինձ գրել եք, որ իմ աննպաստ անկեղծ կարծիքից չեք նեղանա, բայց ես հաստատ համոզված եմ, որ Դուք, եթե իմ կարծիքս Ձեր գրվածքի մասին արդարացի էլ գտնեք, իմ խիստ խոսքերից անշուշտ նեղանալու եք Ձեր սրտի խորքում։ Խնդրում եմ ինձնից մի թաքցնեք և գրեցեք ճշմարիտը, թե արդյոք իմ այդ համոզմունքս ճի՞շտ է, թե սխալ։

Ընդունեցեք անկեղծ հարգանքս՝
Ձեր Միքայել Հովհաննիսյան

P. S. Մոռացել եմ, որ «Աննա Սարոյանիցս» մեկ օրինակ Ձեզ նվիրեմ, այդ բանի համար ինձ ներեցեք և խնդրում եմ վերցրեք մի օրինակ Ձեզ համար։

Ձեր Միքայել Հովհաննիսյան


4. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ
<1891>

Սիրելի՛ Ալեքսանդր.

Մի՛ նեղանար խնդրում եմ, որ մեր սիրելի «Հանդեսի» III-րդ գրքի համար ես առայժմ ոչինչ չեմ կարող ուղարկել, որովհետև դեռևս ոչինչ չունիմ գրած, այնինչ ես բոլոր սրտովս ցանկանում եմ «Հանդեսի» յուրաքանչյուր գրքի համար մի-մի բան ուղարկել, եթե միայն, իհարկե, համոզված լինեի, որ իմ տկար ուժերիս չափ աշխատակցությունը կարող էր գեթ փոքր ինչ օգուտ տալ մի այդպիսի օգտավետ հրատարակության։ Սակայն, եթե «Հանդեսի» ծրագրից դուրս չի լինիլ թատրոնական գրվածքներն, ես ամենայն ուրախությամբ կուղարկեմ իմ գրած «Հրաշք» վերնագրով երկու արարվածով կոմեդիա-վոդևիլը հոգաբարձուների և