Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նամակս գրում եմ ձեռաց, ուստի ժամանակ չունիմ քո վեպի մասին գրելու։ Կգրեմ շուտով և երկար։ Վեպդ առժամանակ ինձ մոտ պահելը կարծեմ արգելք չպետք է լինի քեզ շարունակությունը գրելուն։ Հետագա նամակիս հետ կուղարկեմ և գրվածքդ։

Շուտով «Նոր-Դարի» մեջ մի հոդված կկարդաս, որի հեղինակ Ճաղարբեգյանցը դուրս է բերում, թե Արծրունին որտեղից է գողացել յուր «Էվելնան»։ Մազալու է, չէ՞։ Կտրաքվի Արծրունին և նրա հետ յուր կույր արբանյակները։

Հունվարի 6-ի աղետի ժամանակ մերոնցից ոչ ոքի վնաս չի հասել, բայց Արծրունին և Արիստակեսն այդ աղետից մեծապես օգտվեցին։ Հենց աղետի օրը Մալումյանցն յուր մի քանի ընկեր-ազատամիտների հետ քարեր նետեցին առաջնորդարանի վրա ուղղակի Վանքի գավթից, իսկ Արծրունին յուր լրագրի միջից։ Մալումյանցի և ընկերների ազգանուններն արդեն ոստիկանապետի մոտ են, և հավանական է, որ նրանց քշեն, իսկ Արծրունին, Մամբրեի տված բողոքի հիման վրա, Շերեմետևից հանդիմանություն է ստացել, այո՛, միմիայն հանդիմանություն, և այն շատ մեղմ կերպով. պատճառը հասկանալի է և ինքդ գիտես։ Արծրունիններն այժմ մեզ ագիտացիա են անում Արծրունուն պատգամավոր ընտրել տալու համար, բայց ապարդյուն աշխատանք։

Քո Միքայել


6. ԲԱԳՐԱՏ ՇԱՀՊԱՐՈՆՅԱՆԻՆ
1892. փետրվարի 21. Թիֆլիս.

Սիրելի Բագրատ.

Վերջապես նամակիդ արժանացա. դու այդտեղ պարապությունից ես ծուլացել, ես այստեղ միշտ և շարունակ զբաղված լինելուց. ինկատի ունեցիր, որ համ նյութեր եմ պատրաստում ամեն օր, համ ինքս եմ քո գնալու օրից քարտուղարություն անում, համ էլ վերջին ժամանակներս ինքս