Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ սրբագրում թերթը։ Սա կատարյալ դժոխք է։ Ինչո՞ւ չես գալիս, լսել եմ, որ ուզում ես գալ, արի էլի։

Նամակս գրում եմ շտապ, գործս մի քանի րոպե թողնելով, որովհետև գրելիքս ավելի շտապողական է։ Սպանդարի համար այդտեղ անպատճառ պետք է աշխատել, այստեղից հույս չկա. ղալմաղալն ահագին, հակառակ կուսակցության ամբողջ ուժը միմիայն նրա դեմ է ուղղված։ Մի խոսքով ամեն կերպ պետք է աշխատել, որ Սպանդարն այդտեղ անպատճառ ընտրվի։ Այս մասին հայտնիր Խաչումյանին։

Առայժմ այսքան, էլ ժամանակ չկա, եկել են նյութ են ուզում։

Քո Նար-Դոս


7. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1892. 14 մայիսի, Թիֆլիս

Սիրելի՛ Հովհաննես.

Մի քանի օր առաջ բաց նամակովս խոստացա երկար նամակ գրել քեզ. չեմ ուզում սև երես լինել քեզ մոտ և համբարձման տոնից օգուտ քաղելով գրում եմ սույն նամակս։ Բայց ի՞նչ գրեմ, որ հետաքրքիր լինի քեզ համար, կաթողիկոսական հարցի սկիզբն և վախճանն իրենց մանրամասնություններով արդեն հայտնի է քեզ և արդեն ձանձրալի է դարձել։ Նոր ոչինչ չկա այդ մասին և եթե մի բան խոսվում-ասվում է, հնի կրկնությունն է զանազան վարիանտներով։

Հոդվածներիդ մասին անպատճառ տեղեկություն էիր ուզում։ Ի՞նչ ասեմ, սիրելիս, հոդվածներիդ նյութերն ինքնըստինքյան այնքան լավ նյութեր են և պատասխանատու, իսկ իրենք հոդվածներն այնքան խառն են, ճապաղ և անհետևողականությամբ գրված, որ ես չեմ համարձակվում տպագրության հանձնել, հոդվածներիդ ոչ մեկի մեջ տրամաբանական կապ չկա, սկսվում են այս ինչ բանով, վերջանում են ուրիշ բանով, իսկ մեջտեղն էլ ամեն բան կա, այդ պատճառով, ի միջի այլոց, և չափից դուրս երկար են դուրս եկել։