Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ։ Ուրիշ ո՛չ մի բան ինձ այդ քաղցրությունը չի պատճառել և չի պատճառում։ Նամակիս վերջն արդեն իդիլլիա դուրս եկավ, ներիր։

Քո Միքայել


8. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1892. հունիսի 20. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Որպեսզի իմ դեպի քեզ պահպանած ակամա լռությունս այն աստիճանին չհասցնեմ, որ հանցանք դառնա,— ահա շտապում եմ վերջին գրությունդ ստանալուն պես գրել քեզ սույն նամակը։ Զարմանալի կերպով ծուլացել եմ նամակներ գրելում, մինչդեռ ի՜նչքան նամակներ ունիմ գրելու։ Այդպես է. երբ մարդ ի պաշտոնե ստիպված չէ մի որևէ բան գրելու, միշտ այսօր-էգուց է ձգում և գրելուն մնում է չգրված, մանավանդ, երբ գրիչը մեքենայական գործի մեջ փտել, հոգնել է, ինչպես իմ գրիչը։ Որ համեմատության եմ դնում իմ մի քանի տարվա անցյայի և ներկայիս մեջ — ի՜նչ ահագին տարբերություն, խմբագրական մեքենայական գործը, որը մարդկանց ստեղծած գործերի մեջ ամենաանիծյալն, ամենաատելին ու ամենազզվելին է, սպանեց իմ բոլոր թարմ ուժը, եթե միայն այդպիսին ունեի. ես այժմ նմանում եմ մի հոգնած ձիու, որ ոտները հազիվ հազ շարժում է և քիչ էլ գնա, պետք է սատակած ընկնի։ Եվ չեմ ցավում դրա համար, որովհետև... է՛հ, եթե «որովհետևների» ետևիցն ընկնենք, հեռու կտանի, ուստի այստեղ վերջակետ դնենք։

Վեսելովսկու հետ ուզում ես մեր կողմերը գալ, բայց ի՞նչ կասես, որ խոլերան կատակ չէ սիրում։ Բաքուն արդեն դատարկվել է, հարյուրներով կոտորվել և կոտորվում են, մնացած բնակիչները փախել են ուր կարողացել են և դեռ փախչում են իրենց հետ խոլերան տարածելով ամեն տեղ։ Խոլերան արդեն Ղարաբաղումն է և հնձում է, եկել է և Թիֆլիս, ուր նույնպես, սկսել է հնձել։ Այստեղից էլ փախչում են ով ուր կարող է։ Ամբողջ Կովկասը շուտով կբռնվի խոլերայով