Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հույս ունիմ, որ Ռուսիայի ներքին նահանգներն էլ կանցնի, և այդ շատ բնական պատճառով,— որովհետև խոլերան խո ինքը չէ գնում, այլ առոք-փառոք հրավիրում են նրան։ Երևակայիր, արդեն մի ամիս առաջ հայտնի էր, որ Պարսկաստանում խոլերա կա և նավերն անարգել կերպով այնտեղից շարունակում էին Ռուսիա հարյուրավոր համշարիներ բերելով ուղղակի վարակված տեղերից։ Այդ այդպես։ Խոլերան եկավ Բաքու, սկսեց կոտորած անել, ամենքն սկսեցին գլխապատառ փախչել այնտեղից և երկու շաբաթից ավելի էր, որ ամբողջ Անդրկովկասյան երկաթուղու վրա ոչ մի տեղ կարանտին չկար։ Ի՜նչ, մինչև օրս էլ Բաքվից ամեն օր տասնյակ նամակներ ենք ստանում առանց մի որևէ դիզինֆեկցիայի ենթարկված։ Ասա խնդրեմ, սա առոք-փառոք հրավիրել չէ, բաս ինչ զարհրումար է։ Առհասարակ խորհուրդ չեմ տալ, որ գաք։ Ես և ինձ նման շատերն արդեն բավական կլինի, որ կոտորվենք։ Դուք ավելորդ եք։

Հարցնում ես՝ ինձ հայտնի՞ է, որ Թուրքիայում ապստամբություն կա։ Այո՛, ինձ հայտնի է, որ այնտեղ ոչ մի ապստամբություն չկա և այդ պատճառով նախանձում եմ օպտիմիստ լինելուդ։ Կարդա «Արմենիայի» վերջին չեմ հիշում որ համարը — և այնտեղ կգտնես, որ «Daily News» հաղորդած լուրը «դժբախտաբար» ուտկա է։ Է՛հ, սիրելիս, ես վաղուց ի վեր կորցրել եմ իմ դեպի հայերն ունեցած հավատը, և աստված չանե, որ դու էլ կորցնես։ Ես կատարելապես հավատում եմ, որ հայերը մեծ ընդունակություն ունին ապստամբվելու յուրայինների դեմ, բայց որ նրանք ապստամբեին օտարի դեմ — դա ցնորք է։ Դա ցավալի է, և որովհետև ցավալի է, ուստի ուղիղ է, որովհետև ես ոչ մի ուրախալի բան չեմ տեսել հայերի մեջ, որ սուտ չլինի, ցավալին է միշտ ուղիղ եղել, մինչդեռ ուրախալին — միշտ սուտ, սուտ և սուտ։ Ես հայտնի և բազմաթիվ պատճառներ ունիմ, որ այսպես եմ խոսում, սիրելիս։ Դեռ այս օրերս էր, որ իմ ընկերներից մեկին, որին ես ճանաչել եմ իբրև ազնիվ և եռանդուն գործիչ, զոհ գնաց մատնության և քշվեց դեպի Ռուսիա։ Այս րոպեիս նա քաղցած և անտուն ընկած է աքսորատեղում — և նրանք, որոնք իբր նվիրում են իրենց կյանքը միևնույն «գործին» և այստեղ ու ամեն տեղ հանգիստ