Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԺԱՅՌ

(Լերմոնտովից)

Վիթխարի ժայռի կրծքի վրա նստած
Գիշերում էր մի ոսկեգույն ամպիկ։
Վաղ առավոտյան ուրախ խաղալով,
Նա դեպի երկինք սլացավ մեղմիկ.
Բայց յուր թաց հետքը նա թողեց այնտեղ
Ծեր ժայռի խորշում։ Կանգնած է տրտում
Ժայռը միայնակ և լուռ, մտախոհ
Նա անապատում արցունք է թափում...

24 դեկտեմբ. 1885.


ԶԱՆԳԱԿ

Բարձր աշտարակի վրա զանգակն էր հանդարտ ղողանջում
Նրա խուլ ղողանջյունը դեպի հեռուն էր տարածվում։
Եվ լսում էին հոգեզմայլությամբ նրան բարի մարդիկ,
Իսկ ականջները պինդ ծածկում էին ծույլ և չար մարդիկ...

25 դեկտեմբ. 1885.


ԱՂՔԱՏՆԵՐ

Ամառ, թե ձմեռ միշտ, ամեն անգամ
Դռնե դուռ ո՜րքան մարդիկ են շրջում,
Ամենքը տկար, նոթի, մերկանդամ,
Արցունքն աչքերին «հա՜ց, հա՜ց» են խնդրում։
Խե՜ղճ, թշվա՜ռ մարդիկ... Թեպետ ոչ մի օր
Չեք մեռնիլ այստեղ դուք նոթի, սոված,
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ մարդը բանավոր
Պիտ' ապրե այդպես տկար, հալածված...

26 դեկտեմբ. 1885.