Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից ևս, դժբախտաբար, զուրկ եմ, այլապես անկարելի է մեր ժամանակի ընթերցողների պահանջներին բավարարություն տալ և կարդալուց հետո իսկույն չմոռացվել։ Սեփական ուժերիս մասին այդ գիտակցությունն է պատճառ, որ վերջին ժամանակներս ես վերին աստիճանի անվստահ եմ դարձել մի նոր բան գրելու և հրատարակելու։ Առաջ ուրիշ էր, առաջ ինչ որ գլխիս փչում էր, գրում էի, և այժմ, երբ մի առ մի հիշում եմ բոլոր գրածներս, ինքս ինձնից ամաչում եմ։ Ես հավանում եմ միայն իմ առաջվա եռանդս ու երևակայությանս ուժը, որ այժմ սառել են։ Երբեք չեմ կարող մոռանալ 87, թե 88 թվականի ամառվան մի ամիսը, երբ գրում էի «Քնքուշ լարեր» վեպս. գրում էի գիշերները և նստում էի մինչև լույս. պատկերներն այնպես տպավորվել էին ուղեղումս, երևակայությունս այնքան վառ էր, որ քնած ժամանակս (մայրս է պատմում) զառանցում էի, իսկ շատ անգամ հալյուցինացիա էր պատահում ինձ։ Է՛հ, անմեղ երեխայություն, թեև այն ժամանակ ես երեխայական հասակից շատ հեռու էի — 20—21 տարեկան էի։ Ինչ և իցե. հիշողությունների ժամանակ չէ։ Եթե ուզում ես, որ իմ գրվածներից էլ ձեր գրքի մեջ բան լինի, կարող ես թարգմանել «Երկնքի զանգակը» ավանդությունը, նույնպես և մյուս երկու նույնպիսի ավանդությունները՝ «Ագահության սկիզբը» և «Մարդու աչքը», մյուս բաների մասին չարժե մինչև անգամ հիշատակել. հա՛, հետո «Նոր-Դարի» չեմ հիշում որ թվականի երկու համարում մի բան էլ ունիմ տպագրված «Սա և նա» վերնագրով, կարելի է, իմ կարծիքով, այն էլ թարգմանել։ Իսկ եթե անպատճառ հարկավոր է իմանալ, թե ես որտեղ եմ սովորել, այդ մասին այս կասեմ,— ես ավարտել եմ ռուսաց քաղաքային երկդասյան դպրոց, մտել եմ ուսուցչական սեմինարիա (Խոնի գյուղում Քութայիսի մոտ) և չքավորությանս պատճառով իսկույն էլ հեռացել եմ, եղել եմ և Թիֆլիսի արհեստագիտական ուսումնարանում Ծատուրի հետ։ Ծնվել եմ 1867 թվին և այժմ 25 տարեկան եմ. եթե այս տարի խոլերայից չմեռա, կմեռնեմ անպատճառ մինչև 30 տարեկան հասակս։ Կարծեմ, այլ ևս ոչինչ հարկավոր չէ իմանալ։ Ուստի ցտեսություն։

Քո Նար-Դոս