Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հա՛ , քիչ էր մնում մոռանայի. արդյոք կարելի չէ՞, որ լուր հրատարակենք, թե դու և Վեսելովսկին մտադիր եք «Из арм. бел..» հրատարակության ձեռնարկելու։ Այդ մասին ուզում էի գրել, բայց վախեցա, որ նեղանաս և ուզեցի նախ քեզնից թույլտվություն ստանալ։ Շուտով գրիր հրատարակենք, թե ոչ և ինչ ձևով։


10. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1892 հուլիսի 25. Թիֆլիս.

Սիրելի՛ Մալխաս.

Ինձ սխալմամբ Ղալումյան էին ասել, ես էլ Ղալումյան էի գրել, մինչդեռ ճիշտը Քամալյան պետք է լիներ. այդ պարոնը սրանից մի քանի տարի առաջ վիճակահանությունից բավական խոշոր գումար էր շահել։ Տես դրանից բան դուրս կգա՞, թե ոչ։ Բայց այդտեղ ուրիշ բան էլ կարող ես անել. օգոստոսի 2-ին Մոսկվայում տոնվում է Ժամհարյանների բանկային տան գոյության 25-ամյակը և այդ առթիվ նրանք, անշուշտ, խոշոր նվիրաբերություններ կանեն զանազան բարենպատակ հաստատությունների. ահա այստեղ կարող ես գործ դնել քո ճարպիկ լեզուն այդտեղ եղած Ժամհարյանների մոտ, որ այդ օրվա առթիվ օգնության հասնեն թերթին յուր ճգնաժամից դուրս գալու, իսկ ճգնաժամը հիրավի որ սարսափելի է. թերթն օր օրի վրա կարող է դադարել։ Սակայն ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե Ժամհարյաններին անելիք դիմումին հավաքական բնավորություն տրվի. այսինքն դիմես ոչ թե մենակ դու, այլ թերթի այդտեղի բարեկամներդ միասին, և այդ բարեկամներին նախապատրաստողը, իհարկե, դու կլինես։ Հավաքիր դրանց, խոսիր և վճռեցեք թե ինչպես անեք։ Կարելի է, գուցե, և հեռագրով դիմել Մոսկվա հոբելյանի օրը։

Մնամ հազար բարևներով քո Նար-Դոս

Շոգերը սարսափելի են, խաշվում ենք բառիս բուն նշանակությամբ։