Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
11. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1892. օգոստոսի 16. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Անշուշտ զարմանալու ես, որ այսպես «շուտ» նամակ եմ գրում քեզ։ Ի՜նչ արած, ուզեցի առանձնապես իմ կողմից շնորհակալություն հայտնել քեզ քո վերջին «գրականական ակնարկների» համար. հոդվածը սիրուն է և ամփոփ, կարդացվում է առանձին հաճությամբ։ Բայց մի նկատողություն. երևում է, որ դու դեռ խամ ես և չգիտես, թե ինչ մտավախ պետության մեջ ես ապրում և ինչ լրագրի մեջ ես գրում. մի՞թե կարելի է վեր կենալ և բացարձակ ծաղրական կերպով գրել թե Ռուսիան պատերազմական-զինվորական գործի համար անհամեմատ ավելի է ծախսում, քան թե լուսավորության գործի համար. չգիտե՞ս, որ այս ողորմելի պետության մեջ ամեն մի քայլափոխիդ մտքի, ազատ խոսքի դահիճը կանգնած է գլխիդ կարմիր թանաքի մեջ թաթախված գրչի ծայրին «не сметь свое суждение иметь» նշանաբանով։ Հոդվածիդ մեջ հիշված «Հայաստան, Փոքր Ասիայի ազգություններ» և այլն բառերը նույնպես զոհ գնացին կարմիր թանաքին։ Այս մասին կարևոր եմ համարում քեզ գրել, որպեսզի վեր չկենաս և դարձյալ առաջվա նման, հանդիմանական նամակ չգրես ինձ. ի՞նչ արած, աչքս վախեցել է։ Այս օրերս մի պարոն մեզ նամակ է գրել, որի մեջ հայտնում է, որ ինքը կարդացել է Վեսելովսկու «Из истории Арм. сцены» դրվածքը, գովում է և խորհուրդ է տալիս, որ առանձին գրքով հրատարակե։ Կարծում եմ, որ նամակագիրը վատ խորհուրդ չի տալիս։ Վեսելովսկու գրվածքը հայերի համար ավելի հետաքրքիր պիտի լինի, քան թե ռուսների համար, իսկ հայերից, ոչ ոք չի ստանում «Артист» ամսագիրը և ուրեմն միջոց չեն ունենալ հայ ընթերցողները հիշյալ գրվածքը կարդալու։ Այժմ իսկ շատ շատերը կամենում են ծանոթանալ այդ գրվածքի հետ։

Գրել էիր, թե ավարտելուց հետո ուզում ես՝ Թուրքիա գնալ ուսուցչության պաշտոնով և ուզում էիր իմանալ թե