Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ գլխավոր ուսումնարաններ ունին այնտեղ հայերը։ Այդ մասին է ճիշտն ասած, ես այնքան էլ տեղեկություններ չունիմ, որ կարող լինեին քեզ օգտակար լինել. ես այսքանս գիտեմ միայն, որ թուրքահայոց նշանավոր ուսումնարաններն են՝ Էրզրումում — Սանասարյան դպրոցը, Վանում — Կեդրոնական վարժարանը և Զմյուռնիայում մեկ ինչ-որ ուսումնարան։ Սակայն քեզ հետաքրքրող խնդրի մասին լի ու լի տեղեկություններ կարող եմ ստանալ Գրիգոր Նիկողոսյանից, որ Պետերբուրգումն է այժմ և որին նամակ կարող ես գրել Սիմեոն Գուլամիրյանցի («Արաքսի» խմբագիր-հրատարակչի) հասցեով, որովհետև նրա հասցեն ես չեմ իմանում։ Սակայն հենց Գուլամիրյանից էլ կարող ես տեղեկություններ ստանալ։ Դրանք երկուսն էլ եղել են Թուրքիայում, մանավանդ Նիկողոսյանը, որը Թուրքիայի ամեն մի ծակ ու ծուկը գիտե։ Ի դեպ, դու ծանո՞թ ես այդ պարոնի հետ, շատ հետաքրքիր մարդ է. արժե նրա հետ մոտ ծանոթանալ, բայց չխաբվել նրանից։ Ներողություն, սիրելիս, այն ավանդություններս, որ դու պահանջել էիր ինձնից թարգմանելու, ժամանակ չունեցա որոնելու «Նոր-Դարի» հին համարների մեջ. մինչև անգամ մոռացել եմ՝ որ թվի համարներումն են տպված։ Սակայն այս մի քանի օրն ազատ եմ վերափոխման տոնի պատճառով, կորոնեմ և, երևի, շուտով կուղարկեմ։ Կաթողիկոսի հաստատման մասին այստեղ կատարյալ անգիտություն է տիրում, շանսը Խրիմյան Հայրիկին են համարում, ոմանք էլ Իզմիրլյանինը, բայց վերջինիս համար հավատս չի գալիս, ասողներ էլ կան, թե ոչ մեկը և ոչ մյուսը չեն հաստատվել, որ ես շատ քիչ հավանական եմ համարում։ Մինչդեռ Էջմիածնի ինքնակոչ կառավարիչները շարունակում են իրենց սխրագործությունները։ Վաղարշապատից մեր ստացած նամակները միշտ անմխիթարական բովանդակություն են ունենում, սակայն չեն թողնում, որ այն, ինչ որ կարևոր է, հրատարակենք։ Ազատ խոսքի դահիճները մանավանդ զարմանալի ապահով ու արտոնյալ դրության մեջ են դրել Սեդրակյան չիք-եպիսկոպոսին, մի աննշան աննպաստ խոսք անգամ չեն թույլ տալիս, որ նրա մասին տպենք հիմնված նրա արած գործերի վրա։ Պատառվում ես կատաղությունից, բայց ի՞նչ կարող ես անել։