Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև այժմ ևս ծառայում եմ անկողնին և, երևի, դեռ երկար կտևի, մինչև որ բոլորովին կառողջանամ։ Հիվանդությունս ահա ի՛նչումն է. ձախ կողքիս մեջ ջուր էր գոյացել (պլևրիտ) այնքան մեծ քանակությամբ, որ թոքերս տեղահան անելով և ճնշելով, չէր թույլ տալիս, որ ազատ շունչ քաշեմ։ Առանց օպերացիայի, իհարկե, չէր կարելի. հունվարի 10-ին կողքս ծակեցին և 16 թեյի բաժակ ջուր հանեցին, մի այդքան էլ դեռ մնաց կողքումս և այդ մնացած ջուրը ցամաքեցրին դեղերով։ Շատ ծանր օրեր քաշեցի, սկզբում ինձ բոլորովին արգելված էր հեղուկ ասած բանը խմելը, ինչպես և ջրալի կերակուր ուտելը, ծարավն անասելի կերպով տանջում էր ինձ. մի կաթիլ ջրի համար հոգի կտայի։ Նոր միայն բժիշկն իրավունք է տվել կաթ և գինի խմելու և այն էլ օրական որոշ քանակությամբ։ Ինչևիցե, հիվանդություն ասած բանը մինչև այս հասակս չէի տեսել,— այդ էլ տեսա և տեսա ամենածանր տեսակը։ Փառք աստծո, որ այժմ փոքր ինչ լավ եմ. սպասում եմ օրերը տաքանալուն, որ կարողանամ տնից դուրս գնալ։

Ծատուրն ընկերներիցս մեկին նամակ գրելով, խնդրել էր, որ ես անձամբ, եթե կարող եմ, տեղեկություն տամ իրեն հիվանդությունս մասին, որովհետև այնքան ուժ չունեմ, որ նրան առանձին նամակ գրեմ, ուստի տուր նրան այս նամակը կարդալու։

Այս րոպեիս ծառան խմբագրատնից երկու նամակ բերեց քեզնից՝ մեկը բաց, մյուսը փակ. փակ նամակի վրա փետրվարի 1-ն է նշանակված, իսկ այսօր մարտի 10 է. կարծես Մոսկվայից չես ուղարկել, այլ Ավստրալիայից. այդպես դյուրընթաց են Ռուսիայի ճանապարհները և պոստը։ Երևի իմ սույն նամակն էլ քեզ կհասնի ապրիլի վերջերին կամ մայիսին։

Շատ ուրախացա, որ «Նոր-Դարի» մասին ռեֆերատ ես պատրաստում ուսանողների համար, հետաքրքիր է։ Բաց նամակիդ վրա Սպանդարյանը գրել է, որ Լազարյանի համարներն ուղարկվում են առաջվա գրած հասցեով։

Քե՞զ ինչ է պատահել, դու ինչո՞ւ ես հիվանդ։

Վեպս դեռ չի վերջացած, հիվանդությանս պատճառով