Էջ:Nar-Dos Stories10.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակելով ճանապարհը, սկսեց սարսափելի հայհոյանքներ թափել հետևից աղաղակող երեխաների հասցեին։

Երեխաները, ըստ երևույթին, այդ բանին էին սպասում, և նրանց աղաղակը դարձավ ավելի միահամուռ, ավելի սուր ու համառ, համեմված երեխայական անհոգ քրքիջով և մեծերից լսած փոխադարձ հայհոյանքով։ Նրանցից մի քանիսը սկսեցին նույնիսկ քարեր շպրտել Հոպոպի հետևից։

Սակայն Հոպոպը գնում էր իր համար, առանց նույնիսկ մտածելու, որ պաշտպանվի, թեև տեսնում էր, թե ինչպես քարերը հետևից գալով թռչում էին իրեն այս ու այն կողմից և գետնին ընկնելով փոշի էին բարձրացնում։ Նա միայն շարունակում էր իր հատընտիր հայհոյանքները։ Ըստ երևույթին, այդպես էլ կշարունակեր ճանապարհը մինչև տուն, եթե քարերից մեկը չդիպչեր նրա ոտին։ Երևի ոտը խիստ ցավեց, որովհետև հանկարծ կանգ առավ, մի ակնթարթում գինու գավն ու աղլուխի կապոցը դրեց գետնին, մի մեծ քար վերցրեց և արյունով լցված աչքերով պատրաստվեց շպրտելու երեխաների վրա։ Բայց մինչ այդ երեխաները ծկլթացին, շուռ եկան ու ցանուցիր եղան շեղակի նեղ փողոցներում։

— Ա՛յ ես ձեր… (երկար հայհոյանքներ)։ Թե մի կկանգնեիք, թե մի կկանգնեիք… Քարով եք ուզում կռվի՞, դե կռվենք, է՜լի, ո՞ւր եք փախչում, ձեր… (հայհոյանք)։ Փիե՜, անց կենալ չի ըլում, էլի. վրա են թափվում, կասես գեղի շներ ըլեն։ Տո՛, ասա ես ձեզ բան եմ անո՞ւմ. թողեք, է՜լի, գնամ ինձ համար վեր ընկնեմ իմ տանը, ես ձեր… (հայհոյանք)։

Նա քարը վայր գցեց, ցուցամատով սրբեց ճակատի վրա տված քրտինքը, մատը թափ տվեց, կռացավ և, շարունակելով հայհոյանքները, սկսեց ձեռքով տրորել ոտի այն տեղը, ուր դիպել էր քարը։

— Հը՛, ուստա Ասատո՞ւր, էդ ի՞նչ ես ըտենց տաքացել,— ասաց այդ րոպեին նրա մոտով անցնող մի ծանոթ մարդ առանց կանգ առնելու։

Հոպոպը նայեց նրան, գավն ու կապոցը վերցրեց գետնից և, շարունակելով ճանապարհը նրա հետևից, սկսեց գանգատվել։

— Տո, ըսենց էլ բան կըլի՞․ մի հետ չըլավ, որ էդ շան լակոտները թողան արխային գնամ իմ ճամփով։ Հոպոպ, հա՛ Հոպոպ։ Տո՛, Հոպոպը… (հայհոյանք երեխաների հասցեին)։ Հոպոպը ձեր թայն ա՞։

— Էհ, երեխեք են, է՛լի, ուստա Ասատուր, ի՞նչ ես անգաջ դնում,— ասաց ծանոթը շտապ քայլելով նրա առջևից։