Էջ:Nar-Dos Stories18.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անիծելիս շատ անգամ կատարյալ բանաստեղծ էր դառնում․ այնպիսի հզոր ու ազդու, երբեմն և կնոջ բերանին անսազ անեծքներ ու հայհոյանքներ հորինում, որ ոչ ոք ոչ մի տեղ չէր լսել։ Եվ ամբողջ թաղը սարսափում էր նրա բերանից։ Թաղական ոստիկանն անգամ, երբ հարևանները գնում էին գիժ-Հոռոմսիմից գանգատվելու, ձեռքը թափ էր տալիս և հեռանում։

Թաղում դեռ կային ուրիշ մի քանի հայտնի կռվարար կանայք ևս, բայց գիժ-Հոռոմսիմը վաղուց արդեն տվել անցել էր ամենքից թե՛ իր ճարտար լեզվով, թե՛ անեծք-հայհոյանքով և թե՛ նույնիսկ ֆիզիկական ուժով, որին շատ անգամ դիմում էր բերանացի կռվից հետո։

Ցածրահասակ, լղար, ծայր աստիճան արագաշարժ՝ տեղն ու տեղը կրակ էր գիժ-Հոռոմսիմը։ Պստիկ, պլպլան աչքերը ջղային անհանգստությամբ այս ու այն կողմն էին դառնում շարունակ ծտի գլխի պես,— կարծես շարունակ կռվի առիթ էր որոնում։ Կռվելիս նախ երկար ժամանակ լեզվակոխ ու անեծքակոխ էր անում համարձակ հակառակորդին սկզբում հանգիստ, հետո արագորեն տաքանալով, վերջը հանկարծ կատվի պես վրա էր ընկնում նրան և եթե աջողում էր բռնել նրա մազերից, ձիգ էր տալիս բոլոր ուժով, իսկ եթե ոչ, սկսում էր կմշտել և ոլորել նրա մարմինը իր երկայն, չոր մատների սուր եղունգներով, որոնց գծած ստորակետներն արնակալում, ուռչում-կապտում էին և երկար ժամանակ չէին ջնջվում։

Գիժ-Հոռոմսիմը Անանի սկեսուրն էր։


* * *

— Ը-ը՜, տափը դնեմ քեզ, տափը, ոնց որ փետացել ես էդ տափին,— մրթմրթաց նա մտնելուն պես, պստիկ, չար աչքերը ոլորելով հարսի վրա։

Անանն այն աստիճան սովորել էր այդպիսի անառիթ անեծքների, որ մինչև անգամ չնայեց սկեսոր կողմը, այլ անտարբեր ու դանդաղ՝ շարունակում էր հագցնել երեխային։

Գիժ-Հոռոմսիմը շալը շպրտեց թախտի վրա, որի ժամանակ նրա արագաշարժ աչքերը հանկարծ մի վայրկյան կանգ առան պատուհանների վար թողած վարագույրների վրա։

— Աղջի, բա էդ քոռացած աչքերովդ տեսնում չե՞ս արևը մեր ա մտել,— ասաց նա։— Ա՜յ, ոչ ունենամ քեզ պես հարսը, ոչ, չորանաս կպչես էդ տափից, ոնց որ չորացել կպել ես։

Ու անեծքները շարունակելով գիժ-Հոռոմսիմը բարձրացավ թախտը,