Էջ:Nar-Dos Stories2.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատշգամբները, տանիքները ներկել չէր տալիս, պատերին նոր պաստառներ կպցնել չէր տալիս։ Նախշքարների բանի օրերը անցել գնացել էին։

Ամառվա և աշնան աշխատանքի փողն օրը գալիս էր, օրը գնում։ Այժմ — ոչ մի սև գրոշ գրպանում, որ աչքը կոխեր։ Իսկ այսօր առաջին անգամն էր, որ բերանը մի կաթիլ անգամ չէր առել, ոչ արաղից, ոչ գինուց։ Մի ամբո՜ղջ օր… Խենթանալու բան էր այդ, և նա անկեղծ կերպով զարմանում էր, որ մինչև այժմ դեռ խելքը չէր կորցրել կամ չէր մեռել։ Այնինչ մինչև այսօր, մինչև այս տաժանելի մի օրը, ամբողջ ամսվա ընթացքում և հետո, երբ գրպանում միշտ փող կար, պատահե՞լ էր մի օր, գեթ մի հատիկ օր, որ բանի ժամանակ ձեռաց չվազեր մոտակա «պադվալը», բերանը մի քիչ թաց անելու կամ բանից հետո ամբողջ ժամերով չնստեր գինետանը իր ընկերների հետ և լավ «թրջված» տուն չդառնար կեսգիշերին բայաթի երգելով։ Իսկ ա՞յժմ… Գոնե ապառիկ տային մի կես թունգի գինի կամ մի «տրիցատկա» արաղ.— չէ՛, չէին տալիս անխիղճները, այսինքն տվել էին, բայց էլ չէին տալիս, տեսնելով, որ արդեն հավաքված պարտքը վճարել չի կարողանում, մինչդեռ այդ ապերախտների մոտ էր թողել իր վաստակած գրեթե բոլոր փողերը։ Գոնե ընկերներից մեկն ու մեկը հրավիրեր.— չէ՛, չէին հրավիրում․ ամենքն էլ իր պես պարապ էին, ամենքի գրպանումն էլ մկներ էին խաղում։ Անտեր տանն էլ չկար այնպիսի մի բան — արծաթե գդալ, ոսկե մատանի, ականջի օղ, կամ գորգ, թեկուզ կնոջից ծածուկ տաներ գրավ դներ կամ ծախեր․— տունը սրբած, կինն ու երեխաները՝ տկլոր, ինքը՝ դառ ու դատարկ։

Այսօր գինեվաճառը, որի մոտ նա թողել էր իր ամառվա գրեթե ամբողջ վաստակը, բաց արեց նրա առջև դավթարը և ասաց.

— Այ, ուստա Դավիթ, տասը մանեթ հինգ շայի նիսիա կա վրեդ. բե տու, ախպեր, ու էլի ինչքան ուզում ես՝ նստի խմի, քեզ անուշ ըլի։

Ու, չնայելով Դավթի աղաչանք-պաղատանքին, մեռավ-կտրվեց՝ մի բաժակ օղի չտվեց, որ ցամաքած բերանը բաց աներ ու մի քիչ տաքանար այս անպիտան ցուրտ եղանակին։

Այժմ նա տուն էր դառնում հույսը բոլորովին կտրած և խիստ չարացած ամենքի և ամեն բանի վրա։ Ու որ մտածում էր, թե վաղն էլ, մյուս օրն էլ, երրորդ, օրն էլ — ո՞վ գիտե դարձյալ քանի՜ օրեր — նույն անհաջողությունը պիտի ունենար, ինչ որ այսօր, քիչ էր մնում իսկապես խենթանար։ Մատներով անդադար պրպտում էր արխալուղի գրպանները, հուսալով թե մի գուցե տասը կամ տասնհինգ կոպեկանոց