Էջ:Nar-Dos Stories20.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսնելով, որ խփելով և կմշտելով ոչինչ չի լինում, գիժ–Հոռոմսիմը պոկեց հարսի գլխից սպիտակ աղլուխը, բռնեց նրա ցանցառ մազերի երկու հյուսերից մեկի ծայրից և ձեռքի ուժգին թափով ձիգ տվեց հանկարծ։

— Աա՜աա…— երկար ու սուր ճչաց Անանը և, սաստիկ ցավից աչքերը փակելով, ետ ընկավ մեջքի վրա։ Նրա թողացած ձեռքերը բաց թողին երեխային։ Երեխան նրա գոգից գլորվեց ընկավ գետին և սկսեց ավելի ճչալ։

Հարսի սուր ճիչը, վերջապես, փոքր-ինչ հովացրեց գիժ-Հոռոմսիմի սիրտը․ նա թողեց հարսի մազերը, վերցրեց երեխային և, շարունակելով անեծքներ թափել, հոգնած նստեց թախտի վրա ու սկսեց ձեռքերի մեջ օրորել երեխային, որ սուս կացնի։ Նրա պստիկ, չար աչքերը դեռևս պլպլում էին խելագարի կատաղությամբ, քրտինքը վրա էր տվել նեղ ճակատին. նա հևում էր՝ երկար տեղ վազած մարդու նման։

Իսկ Անանը, աչքերը փակ, ընկած էր հատակին մեջքի վրա և նվում էր միալար, հազիվ լսելի ձայով։


* * *

Ամառվա երկարատև, անտանելի տոթ օրը նոր էր մթնել։ Պառավ Հեղնարը և նրա երկու փոքրիկ թոռները— մեկը տղա, մյուսն աղջիկ— ծալապատիկ նստած էին թախտի վրա և հայտնի չէ՝ ճաշ թե ընթրիք էին ուտում, որովհետև իրենք էլ չգիտեին ո՛րն է իրենց ճաշը և ո՛րը ընթրիքը։ Կապույտ սուփրի վրա պլպլում էր մի փոքրիկ լամպ, որ չմաքրած ապակու միջից պղտոր լույս էր սփռում նրանց հոգնատանջ, քրտնած երեսներին։ Նրանց կերածը փռան սև հաց էր և կիսախակ մի ձմերուկ, որի գույնը դժվար էր որոշել սպիտակ էր, թե դեղին։ Լամպի լույսն իր շուրջը հավաքել էր ահագին թվով մանր մժեղներ, որոնք պտույտ էին անում տաք ապակու շուրջը, շատերն այրվում թափվում էին ներքև, շատերն էլ կպչում թաց ձմերուկից։

Պառավ Հեղնարը ցամաքած, կուչ եկած մի կին էր դեմքի անհամար խորշոմներով։ Հարատև չքավորությունն ու բախտի ծանր հարվածները ծռել էին նրա մեջքը և իրենց անջնջելի կնիքը դրոշմել նրա դեմքին և թախծալի աչքերի մեջ։ Թոռները— քույր ու եղբայր որբ էին և մնացել էին պառավ տատի խնամքի տակ։ Այդ երկու փոքրիկ երեխաներն էին, որ պառավ Հեղնարին եռանդ էին ներշնչում ապրելու և աշխատելու։ Բայց պառավ Հեղնարը մի ավելի մեծ վիշտ ուներ․ այդ՝