Էջ:Nar-Dos Stories31.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գբեր կապում մայթերի վրա։ Պատրիկյանը զգաց, որ ստվերի մեջ օդը բավական ցուրտ է ու խոնավ, և ձեռքերը անդրավարտիքի գրպանները կոխած, աշխատում էր գնալ այն տեղերով, ուր արևը մաքուր երկնքից թափում էր իր ճառագայթները։ Սակայն արևի տակ էլ նրա մարմինը սարսռում էր. նրան թվում էր, թե դրա պատճառը ոչ թե ձմեռնամուտ աշնանային եղանակն է և ոչ թե այն, որ ինքը տաք չի հագնված, այլ այն, որ այդ առավոտ ոչ թեյ է խմել և ոչ որևէ բան կերել։ Մրսում էին առավելապես ձեռքերը, որոնց ինչքան էլ աշխատում էր խորը կոխել գրպանների մեջ, այնուամենայնիվ երկարամյա սերթուկի կարճ թևերը բաց էին թողնում նրա դաստակները։

Պատրիկյանի առաջին գործն այն եղավ, որ մտավ գրախանութ։ Հույս ուներ, թե այնքան կստանար, որ սենյակի վարձը հանելուց հետո մի բան էլ կմնար իբրև ապրուստի փող։ Սակայն գրախանութում նրան ասացին, թե վերջին ամսվա ընթացքում նրա երկու գրքույկից մեկն ամենևին չի ծախվել իսկ մյուսից ծախվել է հինգ օրինակ միայն և, կոմիսիայի տոկոսը հանելուց հետո, նրան հանձնեցին 1 ռ. 20 կ.։ Պատրիկյանը, հիասթափության ժպիտը դեմքին, փողը գրպանն ածեց և դուրս եկավ գրախանութից՝ ճնշված այնպիսի մի զգացման տակ, որպիսին ունենում են անսովոր մուրացիկները՝ ողորմություն ստանալուց հետո։ Ամոթի և նվաստացման կարմիրն երեսին մի րոպե կանգ առավ գրախանութի ցուցափեղկի առջև, որի թեթև քրտնած ապակու միջից մի հայացք ձգեց ցուցանակի վրա նկատելի տեղում հպարտորեն շարված ռուսերեն փարթամ գրքերին և ապա մի անկյունում ամոթխածությամբ իրար կողքի կպած հայերեն վտիտ գրքույկներին, որոնց մեջ տեսավ և իր երկու լղարիկ գրքույկը, հետո երեսը շուռ տվեց և հեռացավ՝ դառն մտածմունքների մեջ խորասուզված։ Մոռացել էր թեյի փափագն էլ, քաղցն էլ և, որովհետև ուրիշ տեղ չուներ գնալու և մրսում էր, քայլերն ուղղեց դեպի խմբագրատուն։

Խմբագրատանը, ինչպես միշտ, այս անգամ էլ նստած էր մեն-մենակ քարտուղարը— չորիկ-մորիկ մի երիտասարդ՝ պարզ ակնոցով և աջ ձեռքի ճկույթի վրա կեսվերշոկաչափ աճեցրած սրածայր եղունգով,— և արագ գրում էր երկայն ու նեղ թղթերի վրա, ճկույթը խիստ որոշակի առանձնացրած հարևան մատից։

Պատրիկյանը, իբրև պարապ մարդ և ձրի աշխատակից, խմբագրատան ամենօրյա այցելուն էր, այնպես որ քարտուղարն ու նա, որոնք մտերիմ ընկերներ էին, այլևս չէին բարևում իրար տեսնելիս։ Այս անգամ էլ Պատրիկյանը քարտուղարի սենյակը մտավ սուս ու փուս,