Էջ:Nar-Dos Stories36.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքերի ափերը խփեց իրար և բացականչեց ծայր աստիճան ապշած։

— Փա՜հ… Տեսա՞ր, Պատրիկ։ Գիտե՞ս ով էր։ Երեկ-մեկել օրվա քելեխ ուտող տիրացուն էր, է՜… Նո՜ր հիշեցի, Պատրիկ ջա՜ն, նոր։ Խմբագիրը պատմում է, թե երեսփոխական արարողությունների մասին որ հայտարարություն էր բերում, չէր համարձակվում դռան շեմքից առաջ գալ, իսկ հիմա… իր բարոյական պարտքն է համարել այցելություն տալու խմբագրությանը։ Ցիլինդրի տակ լրագիր դրեց, որ չփոշոտվի։ Տեսա՞ր նրա փողկապի ադամանդը, մուշտակը։ Մենք այստեղ ցրտից կաղկանձում ենք, իսկ նա քրտինքն էր սրբում… Գնացել վարժապետ և գրող ես դառել, վա՜յ, գրողը տանի քեզ, Պատրիկ ջան, գրո՜ղը… ինձ էլ քեզ հետ,— ավելացրեց քարտուղարը և գնաց նստեց իր տեղը։

— Դու ինձ այս ասա, հիմա լուրը կգրես, չէ՞,— հարցրեց Պատրիկյանը հեգնորեն ժպտալով։

Քարտուղարը պատասխանի տեղ ձեռքերը տարածեց խաչելության պես, ուսերը վեր քաշեց կոմիկական տարակուսանքով, կարճ ժամանակ մտախոհության մեջ ընկավ, հետո հանկարծ նայեց ծոցի ժամացույցին և բացականչեց ոչ այնքան զայրացած, որքան զարմացած.

— Ինչքան էլ ժամանակ խլեց անիծածը… Իսկ տպարանում նյութ չկա։ Գրիր, գրիր։ Պատրիկ ջան, մինչև որ տեսնենք ինչ է դուրս գալիս այս էշի մարտիրոսությունից։

— «Մանի՛ր, մանի՛ր, ի՛մ ճախարակ…»,— արտասանեց Պատրիկյանը, առավ գրիչը և պատրաստվեց շարունակել հոդվածն անսիրտ և դառնացած, ինքն էլ չիմանալով՝ թե ինչի դեմ։

Իսկ այդ միջոցի քարտուղարն արդեն գրում էր իր մանր ու փութկոտ գրերով. «Մեր հայրենակից երգիչ Ջափինյանը (բեմական ազգանունը Ժապինով) գաստրոլով հրավիրված երգելու Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում։ Իտալիայում իր արվեստը կատարելագործելուց հետո, նա վերջին վեց տարվա ընթացքում երգել է Ռուսաստանի զանազան քաղաքներում, ի միջի այլոց՝ Մոսկվայում և Պետերբուրգում, ուր, տեղական թերթերի վկայությամբ, մեծ հաջողություն է ունեցել։ Թիֆլիսում նա առաջին անգամ բեմ է ելնելու ամսույս 10-ին Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի մեջ, Օնեգինի դերում»։

Նա ուզում էր մի քանի խոսք էլ ավելացնել, հասարակության ուշադրությունը հրավիրելով հայ տաղանդի վրա, բալց հիշելով թե անցյալում ինչ է եղել նա, վախեցավ, որ նրան ճանաչող ընթերցողները