Էջ:Nar-Dos Stories37.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղրի ենթարկեն թերթը, ուստի բավական համարեց գրածը և մի կողմ դրեց։ Հետո նայեց Պատրիկյանին և տեսնելով, որ նա գրում է շատ դանղաղ և անդադար գլուխը քորելով, ասաց.

— Պատրիկ ջան, շո՛ւտ արա, թե չէ, հրես որտեղ որ է՝ կգա պստիկ հոգեառս և նյութ կպահանջի։

Մտավ էքսպեդիտորը՝ պոստից բերած մի կույտ լրագրեր և նամակներ ձեռքին։ Քարտուղարն ամենից առաջ վրա ընկավ նամակներին և սկսեց աչքի անցկացնել։ Այնքան վարժվել էր, որ մի քանի տող սկզբից, մի քանի տող մեջտեղից և մի քանի տող վերջից կարդալուց հետո հասկանում էր ամբողջ նամակի բովանդակությունը և իսկույն էլ վճռում՝ կարելի՞ էր տպել, թե ոչ։

— Վայ, այս անիծածները կարծես խոսքը մեկ են արել, որ գրեն քահանաների, տիրացուների և հոգաբարձուների մասին,— բացականչեց նա մի քանի նամակներ աչքի անցկացնելուց հետո։— Քահանա և տիրացու, տիրացու և հոգաբարձու, հոգաբարձու և տիրացու… Կարծես թե էլ ուրիշ բան չկա գելու, ես ձեր…

Եվ զայրացած քարտուղարի բերանից ակամայից թռան ինտելիգենտ մարդուն անվայել մի քանի հայհոյական խոսքեր քահանաներից, տիրացուներից և հոգաբարձուներից դուրս ուրիշ նյութ չգտնող գավառական թղթակիցների հասցեին։ Նա վերցրեց այդ նամակները և ուզում էր մեկեն պատռել ու ձգել գրասեղանի տակ դրած զամբյուղը, բայց հիշելով, որ տպարանում նյութ չկա, մի կողմ դրեց։ Նույն կարգով շարունակեց աչքի անցկացնել մնացած նամակները և, ինչպես երևում էր, այդ նամակներն էլ բանի պետք չէին, որովհետև նա իր երկայն ու չոր մատներով ջղայնորեն ոլորում ու փետրում էր ցանցառ բեղի ծայրերը։ Այնուհետև, երբ նամակներն աչքի անցկացրեց պրծավ, խոնարհվեց գրասեղանի վրա և սկսեց ուղղել ամենից առաջ այն նամակները, որոնք քիչ թե շատ հասարակական նշանակություն ունեին։ Անխնայորեն ջնջում էր ահագին պարբերություններ, երբեմն ամբողջ երեսները և տեղը գրում մի քանի միայն ջնջում, փոխում կամ ավելացնում էր այս կամ այն բառը կամ տառը, պեդանտի նախանձախնդրությամբ և համառությամբ պահպանելով լրագրի ուղղագրությունը, որի ստեղծողն ինքն էր։

Մինչդեռ Պատրիկյանը, սուս ու փուս նստած գրասեղանի ծայրին, շարունակում էր գրել իր հոդվածը, այլևս ուշադրություն չդարձնելով սենյակում տիրող ցրտին։ Մի ժամից հոդվածն արդեն պատրաստ էր։