Էջ:Nar-Dos Stories38.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա գրած թերթերը դարսեց իրար վրա ըստ թվահամարների, դրեց քարտուղարի առջև և վեր կացավ։

— Ի՞նչ, դու գնո՞ւմ ես,— հարցրեց քարտուղարը, գլուխը բարձրացնելով և նայելով նրան պլպլան ակնոցի միջից։

— Հա։ Ես բոլորովին սառեցի այստեղ։ Գնամ տեսնեմ ի՞նչ եմ անում։ Այսօր բան չեմ առել բերանս, թեյ էլ չեմ խմել։ Տես այդ հոդվածը,— անսիրտ եմ գրել,— թե բանի նման է տպիր, թե չէ՝ զամբյուղը գցիր։ Ցտեսություն։

Եվ Պատրիկյանը դիմեց դեպի դուռը, մի րոպե կանգ առավ նախասենյակում ինչ-որ անվճռականության մեջ, մեքենայաբար թափ տալով ձեռքին բռնած գլխարկը, հետո կամաց ետ դարձավ և ասաց ավելի ևս կամաց, կարծես վախենալով, որ ուրիշը կարող է լսել։

— Չե՞ս կարող ինձ մի հինգ ռուբլի փոխ տալ։

— Հինգ ռուբլի՞,— բացականչեց քարտուղարը գլուխն արագորեն բարձրացնելով։

— Հա, խնդրում եմ։ Սենյակիս վարձը պետք է տամ։ Թե չտամ, դուրս են անում։

— Այս րոպեիս, հինգ ռուբլին ի՞նչ է որ,— ասաց քարտուղարը, շտապով հանեց իր մաշված-ջարդված պորտմանեն, բաց արեց, միջի բոլոր փողը— սև ու սպիտակ դրամներ— թափեց սեղանի վրա ու սկսեց համրել, դրամները մեկմեկ քաշելով մի կողմ,— 10, 20, 35, 50, 58, 60, 62 կոպեկ։ Ահա իմ ունեցած ամբողջ կապիտալը։ Թե որ սրանից 5 ռուբլի դուրս գա, վերցրու տար տանտիրոջդ աչքը կոխիր։ Հինգ ամիս է՝ ռոճիկ չեմ ստացել, կհավատա՞ս, թե չէ։

Մի րոպե Պատրիկյանը լուռ նայում էր քարտուղարի աչքերին։

— Բաս ինչո՞վ ես ապրում,— հարցրեց։

— Դո՞ւ ինչով ես ապրում,— եղավ քարտուղարի պատասխանը։

Պատրիկյանը ձեռքով հուսահատական մի շարժում արավ, գլխարկը ոչ թե ծածկեց, այլ ծածկելիս ուղղակի խփեց գլխին և դուրս գնաց։

ԵՍ ԵՎ ՆԱ
(Մի կորած մարդու հիշատակարանից)


Այս հիշատակարանն իմ ձեռքն ընկավ պատահական կերպով, թե ինչպես՝ հետաաքրրքական չէ։ Սա մի մեծ տետր էր, որի մեջ «կորած մարդը» ինչպես ինքն էր ենթավերնագրել իր հիշատակարանը, երկար