Էջ:Nar-Dos Stories44.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[1] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։ Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։


2

Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[2] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։

Նվագողը մի պատանի էր իտալական լայնեզր գլխարկով։ Այնքան մեղանուշ[3], այնքան դյութիչ էր նվագած եղանակը, որ Ջուլիետտան կարծում էր, թե իր սրտի լարերի վրա են նվագում։ Նա մեքենայաբար կիսով չափ դուրս հանվեց պատուհանից և լսում էր ամենայն ուշադրութայմբ։ Իր ամբողջ էությամբ լսողություն դարձած, ագահորեն կլանում էր մարմինը փաղաքշող այն դյութիչ ձայները, որ պատանի երաժիշտը հնչեցնում էր ջութակի լարերից, ինչպես աղբյուրի ակունքը դուրս է հոսեցնում իր քչքչան ականակիտ[4] ջուրը անբռնազբոսիկ ու սահուն։ Շունչը պահել էր, որ ոչ մի հնչյուն չթռցնի։ Սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ։

Վերջապես լռեցին ջութակի հնչյունները, և այդ հնչյուների հետ կարծես ամեն ինչ լռեց բնության մեջ։

  1. մատնեհարներ― մատով խփված․ այստեղ՝ այտի վրա փոսիկներ
  2. պալացցո (իտալերեն)― պալատ, շքեղ առանձնատուն
  3. մեղանուշ― քաղցր, դուրեկան ձայն
  4. ականակիտ― վճիտ, հստակ, մաքուր