Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշըրի խնդրանքով ես ինքս օգնեցի նրան այդ ժամանակավոր թաղումը կատարելու։ Մարմինն արդեն դագաղում էր, և մենք երկուսով այն իջեցրինք ներքնահարկ։ Նկուղը, ուր ամփոփեցինք դագաղը, այնքան վաղուց չէր բացվել, որ նրա հեղձուցիչ օդը հազիվ էր սնում ջահերի բոցը, այնպես որ, համարյա ոչինչ չէր երևում։ Նկուղը նեղ էր ու խոնավ, լույսի համար որևէ բացվածք չուներ և գտնվում էր մեծ խորության վրա շենքի հենց այն մասի տակ, որտեղ իմ ննջարանն էր։ Միջնադարում այն, անկասկած, զնդան էր եղել, իսկ հետագայում երևի վառոդի կամ մի այլ դյուրավառ նյութի պահեստ, քանի որ հատակի մի մասը և ամբողջ միջանցքը պատած էին պղնձե հաստ սալերով։ Նույն բանն էր վկայում ծանր երկաթե դուռը, որը սռնիների վրա շարժվելիս արտակարգ սուր և տհաճ ճռնչյուն էր արձակում։

Ամփոփելով մեր տխուր բեռն այդ զարհուրելի հանգրվանում, մենք բարձրացրինք դագաղի դեռ չամրացրած խուփը և նայեցինք հանգուցյալի դեմքին։ Եղբոր և քրոջ զարմանալի նմանությունն առաջին անգամն էր, որ գրավեց իմ ուշադրությունը։ Թերևս գուշակելով իմ միտքը, Աշըրը քթի տակ ինչ-որ բան ասաց, որից ես հասկացա, որ նրանք երկվորյակներ են եղել, և որ նրանց միջև միշտ էլ համարյա անհասկանալի բնույթի մի համակրանք կար։ Ես այլևս անկարող էի առանց սարսուռի դիտել աճյունը և փակեցի դագաղի կափարիչը։ Երիտասարդ կյանքը կործանած հիվանդությունը, ինչպես բոլոր ընկնավորության ախտերը, նրա կրծքին և այտերին թույլ կարմրություն էր թողել և պահպանել այն հատուկ ժպիտը, որն այնքան ահազդու է դիակի դեմքին։ Մենք ամրացրինք կափարիչը և փակելով դուռը, սրտնեղած վերադարձանք ոչ պակաս մռայլ վերնահարկը։ Անցան մի քանի տխուր օր, որոնց ընթացքում ընկերոջս հոգեվիճակը նկատելիորեն փոխվեց։ Նրա նախկին տրամադրությունն անհետացավ։ Նրա սովորական զբաղմունքները մոռացվել կամ անտեսվում էին։ Նա աննպատակ թափառում էր տանը, երերուն ու հապճեպ քայլերով չափելով սենյակները։ Նրա դժգույն դեմքը, եթե դա, իհարկե, հնարավոր էր, ավելի դժոխային երանգ ստացավ, բայց աչքերի փայլը չքացել էր։ Նրա ձայնը վերջնականապես կորցրեց իր հաստատուն երանգները և այժմ դողդոջուն էր ու սարսափահար։ Երբեմն ինձ թվում էր, թե նրա խռովված ուղեղը մաքառում է ճնշող մի գաղտնիք հաղորդելուն