Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ մտքում մի նոր տագնապ ծնվեց՝ հարևանները կարող էին լսել բաբախոցը։ Ծերունու օրհասը եկավ։ Վայրենի ճիչով ես բացեցի լապտերի փեղկն ու ներս ցատկեցի։ Ծերունին հազիվ հասցրեց մեկ անգամ ճչալ։ Մի ակնթարթում ես նրան անկողնուց ցած գցեցի և, ծանր ներքնակի տակ ճզմելով, գոհունակությամբ ժպտացի՝ գործի կեսն արված էր։ Ծերուկի սիրտը դեռ խուլ զարկում էր, բայց դա ինձ այլևս չէր անհանգստացնում, ձայնն անչափ թույլ էր պատից անցնելու համար։ Վերջապես ամեն ինչ լռեց` ծերուկն արդեն մեռած էր։ Ես ձեռքս դրի նրա կրծքին և մի քանի րոպե պահեցի, սիրտը չէր բաբախում։ Այո, նա մեռած էր, լեշի պես սատկած։ Նրա աչքն ինձ այլևս չէր խանգարելու։

Եթե դուք ինձ դեռ խելագար եք համարում, ապա ստիպված կլինեք փոխել ձեր կարծիքը, երբ ես պատմեմ, թե ինչպիսի խելացի կանխազգուշություններով թաքցրի դիակը։ Գիշերն արդեն անցնում էր, ուստի ես գործում էի արագ, բայց անձայն: Նախ և առաջ անդամահատեցի դիակը, կտրելով նրա գլուխը, ձեռքերն ու ոտքերը։

Հետո երեք տախտակ հանեցի հատակից և կտորտանքը խցկեցի գերանների արանքը։ Այնուհետև այնքան խնամքով, խորամանկ և հմուտ տեղադրեցի տախտակները, որ ոչ մի աչք, նույնիսկ նրանը, ոչ մի կասկածելի բան չէր նկատի։ Լվանալու բան չկար՝ ոչ մի բիծ, արյան ոչ մի կաթիլ։ Ես այդքան հիմար չեմ, որ հետքեր թողնեի՝ ամեն ինչ ուղիղ լցվել էր տաշտակի մեջ, հա՜, հա՛, հա՛։

Երբ ես գործերս վերջացրի` արդեն ժամը չորսն էր, բայց դրսում դեռ մութ էր։ Նոր էր ժամացույցը զարկել, երբ ինչ-որ մեկը դրսի դուռը թակեց։ Ես հանգիստ սրտով իջա դուռը բացելու, ինչի՞ց պիտի վախենայի։ Երեք հոգի ներս մտան և ամենայն քաղաքավարությամբ հայտնեցին, թե ոստիկանությունից են եկել։ Հարևանս գիշերը ինչ-որ ճիչ էր լսել, ոճիր էր կասկածել և իմաց էր տվել ոստիկանատուն։ Նրանք (սպաները) հրաման էին ստացել տունը խուզարկելու։ Ես ժպտացի, իսկապես, վախենալու ի՞նչ ունեի, և նրանց սիրալիր ներս հրավիրեցի։ Բացատրեցի, որ ինքս էի քնի մեջ ճչացել։ Ի միջի այլոց նշեցի, որ ծերունին գյուղ է մեկնել։ Խրախուսեցի նրանց, որ լավ փնտրեն։ Ես նրանց ցույց տվի ամբողջ