Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունը և վերջապես բերի նրա սենյակը։ Ես ցույց տվի նրա գանձերը, ապահով ու անձեռնմխելի։ Ես այնքան ինքնավստահ էի, որ աթոռներ բերի և նրանց առաջարկեցի հանգստանալ հենց այնտեղ, նրա՛ սենյակում, իսկ ինքս կատարյալ ցնծությամբ աթոռս դրի հենց այն տախտակների վրա, որոնց տակ իմ զոհի դիակն էր։

Սպաները բավարարված էին։ Իմ անբռնազբոսիկ վարքը համոզել էր նրանց։ Նրանք նստեցին ու սկսեցին դեսից-դենից դատարկաբանել, և ես աշխուժորեն միացա նրանց զրույցին։ Բայց քիչ հետո զգացի, որ գույնս գցել եմ և արդեն ուզում էի ինչքան կարելի է շուտ ազատվել նրանցից։ Գլուխս ցավում էր, ականջներս կարծես զնգում էին, իսկ նրանք դեռ նստած շատախոսում էին։ Ականջներիս զնգոցն ուժեղանում և ավելի հստակ էր դառնում, ես ավելի ու ավելի անկաշկանդ էի խոսում, որպեսզի խլացնեմ այն, բայց շուտով համոզվեցի, որ այդ ձայնը ականջներիս մեջ չէր։

Կասկած չկար, որ ես արդեն սփրթնել էի, չնայած լեզուս ջուր էր կտրել։ Իսկ այդ ձայնը քանի գնում ուժեղանում էր, և ես ոչինչ չէի կարող անել։ Դա ցա՜ծր, խուլ և ընդհատվող մի ձայն էր, նման բամբակի մեջ փաթաթած ժամացույցի ձայնին։ Ես շնչակտուր էի լինում, բայց սպաները ոչինչ չէին լսում: Սկսեցի խոսել ավելի արագ, ավելի մոլեգին— ձայնը գնալով ուժեղանում էր։ Ես ոտքի կանգնեցի և ինչ-որ անիմաստ վեճ բացեցի, ձայնս բարձրացնելով ու ձեռքերս թափ տալով, բայց ապարդյուն։ Ես չէի հասկանում, թե նրանք ինչու չեն հեռանում։ Ես մոլեգնած քայլում էի սենյակով մեկ, ձևացնելով, թե վեճից բորբոքվել եմ– ձայնն անշեղորեն ուժեղանում էր։ Աստված իմ, ես ի՞նչ կարող էի անել... Բերանս փրփրել էր, ես կոպտում էի, հայհոյում, ճոճում էի աթոռն ու հատակին խփում, բայց ձայնը ավելի, ավելի ու ավելի էր սաստկանում։ Իսկ այդ մարդիկ անհոգ ժպտում էին ու զրուցում։ Հնարավո՞ր էր արդյոք, որ նրանք չլսեին։

Ամենազո՜ր տեր, ո՛չ, նրանք, անկասկած, լսում էին, կասկածո՜ւմ, նրանք ամեն ինչ գիտե՜ին… Նրանք պարզապես ծաղրո՜ւմ էին իմ սարսափը, ես այդպես էի կարծում և այժմ էլ մնում եմ նույն համոզմունքին։ Ի՜նչ ուզում է լիներ, բայց ոչ այդ սոսկալի հոգեվարքը։ Ես այլևս չէի դիմանում այդ ծաղրուծանակին,