Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենթադրեցի, որ դուք, անկասկած, կհիշեք իմ բացատրությունը։ Մնում էր իրար կապել Օրիոնն ու Շանտիլյիին, և ձեր ժպիտը վկայեց, որ դուք արդեն այդ արել եք: Ակամա հիշեցիք խեղճ կոշկակարի գլխին եկածը: Մինչ այդ դուք կռացած էիք քայլում, իսկ այդտեղ ուղղվեցիք ամբողջ հասակով մեկ, և ես որոշեցի ընդհատել ձեր մտքերը, նշելով, որ խեղճ ճստլիկն իսկապես ավելի լավ կնայվեր Théâtre des Variétés֊ում:

Դրանից որոշ ժամանակ անց, Gazette des tribunaux[1]֊ի երեկոյան թողարկման մեջ մեր ուշադրությունը գրավեց հետևյալ հաղորդագրությունը.

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Այս առավոտ, ժամը երեքին մոտ, Սեն Ռոկ թաղամասի բնակիչները արթնացան սոսկալի ճիչերից, որոնք լսվում էին Մորգ փողոցում գտնվող տան հինգերորդ հարկից, ուր բնակվում է ոմն տիկին Լեպանեն իր դստեր՝ օրիորդ Կամիլայի հետ: Չկարողանալով տուն մտնել սովորական եղանակով, մի խումբ հարևաններ ջարդեցին դուռը և երկու ոստիկանի ուղեկցությամբ ներս նետվեցին. ճիչերն արդեն դադարել էին, բայց վերևից երկու կամ ավելի իրար հետ վիճող զայրացած ու կոպիտ ձայն էր լսվում: Երբ հարևանները հասան երրորդ հարկ, այդ ձայները նույնպես դադարեցին։ Բոլորը ցրվեցին սենյակներով մեկ, և, հասնելով հինգերորդ հարկի բակը նայող մեծ ննջարանին, ստիպված եղան ջարդել նաև դրա ներսից փակված դուռը: Ներս մտնելով, ներկաները ապշահար ու սարսափած քարացան իրենց առջև բացված տեսարանից:

Ամբողջ սենյակը տակնուվրա էր արված: Կահույքը փշրված էր ու ցիրուցան եղած: Սենյակի միակ մահճակալի անկողինը շպրտված էր հատակին: Աթոռներից մեկի վրա արյունոտ մի ածելի էր դրված։ Բուխարու ճաղերին մի խուրձ ճերմակ ու արյունոտ, ըստ երևույթին արմատախիլ արված մազ էր կպել։ Հատակին չորս ոսկեդրամ էր ընկած, ինչպես նաև տպազիոնով մի ականջօղ, երեք արծաթե և երեք մելքիորի գդալ, և երկու քսակ՝ ընդհանուր հաշվով չորս հազար ոսկե ֆրանկ պարունակությամբ: Անկյունում դրված պահարանի դարակները բաց էին ու պարունակությունը քրքրած, բայց որոշ բաներ մնացել էին տեղում: Անկողնի (և ոչ թե մահճակալի) տակ երկաթե փոքր մի սնդուկ

  1. Դատական օրաթերթ (ֆր.)