Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես երկար ու կլանված կարդում էի այդ գրքուկր, նույնքան երկար ու ակնապիշ դիտում պատերին կախված նկարները։ Ժամանակն արագ ու աննկատելի էր անցնում՝ շուտով արդեն ուշ գիշեր էր։ Մոմակալի դիրքն ինձ դուր չէր գալիս, և ես, սպասյակիս չարթնացնելու համար, ձեռքս պարզեցի և այն դրի այնպես, որ գիրքն ավելի լավ լուսավորվեր։

Այդ տեղափոխությունը բոլորովին անսպասելի արդյունք տվեց։ Բազմաթիվ մոմերի լույսն ընկավ մինչ այդ աննշմարելի մի խորանի մեջ, որն առաջ քողարկված էր ամպհովանու սյուներից մեկի ստվերով։ Պայծառ լույսի տակ երևաց մի նկար, որը ես մինչ այդ չէի տեսել։ Դա մի դեռատի, կանացի փթթումի շեմին կանգնած աղջկա դիմանկար էր։ Մի հպանցիկ հայացք նետելով այդ նկարին, ես հապճեպ փակեցի աչքերս։ Սկզբում ինքս էլ չհասկացա, թե ինչու այդպես վարվեցի։ Հետո, փակ աչքերով պառկած, գտա պատճառը։ Ես պարզապես ուզեցել էի ժամանակ շահել, համոզվել, որ իմ տեսողությունն ինձ չի խաբել, սանձել երևակայությունս հանուն ավելի սթափ ու վստահ հայացքի։ Քիչ անց նորից ուշադիր նայեցի նկարին։

Այս անգամ ես չէի կարող և չէի էլ ուզում կասկածել, որ ճիշտ եմ տեսնում։ Մոմերի ցոլքը կտավի վրա ցրել էր այն քնկոտ ընդարմացումը, որն աստիճանաբար բթացնում էր զգայություններս, և իսկույն արթնացրել էր ինձ։

Ինչպես արդեն ասացի, դա մի դեռահաս կնոջ դիմանկար էր։ Նրա գլուխը և ուսերը պատկերված էին այն զարդանկարային եղանակով, որը հիշեցնում էր Սալլիի սիրած կանացի գլխիկների ոճը։ Թևերը, կուրծքը և նույնիսկ լուսափայլ մազերն ասես ձուլված լինեին այն անորոշ, բայց խորը ստվերին, որը կազմում էր նկարի հիմնագույնը։ Ոսկեզօծ ձվաձև շրջանակն առատորեն զարդարված էր մավրիտանական հյուսքով։ Նկարը հիրավի անգերազանցելի էր որպես կերպարվեստի կատարյալ նմուշ։ Բայց ոչ նկարչի վարպետությունը և ոչ էլ պատկերված դեմքի երկնային գեղեցկությունը չէին կարող այդպես խորն ու հանկարծակի ցնցել ինձ։ Բացառվում էր նաև, որ իմ կիսարթուն երևակայությունը կենդանի կին պատկերացրած լիներ։ Նկարի ուրվագիծը, ոճը, շրջանակը պիտի որ իսկույն ցրած լինեին նման տպավորությունը, ավելի ճիշտ, պետք է ընդհանրապես կանխած լինեին այն։ Մի ամբողջ ժամ, երևի, ես անցկացրի այդ մասին խորհելով, թիկնած իմ բարձին, և հայացքս նկարին