գռմռոցներ, որոնք վերջապես վերածվեցին ահ, սարսափ ու զզվանք արտահայտող բացականչությունների։ Նկարագրածս ստվերների ու տեսիլների շրջապատում սովորական մի դիմակ հազիվ թե նման իրարանցում առաջացներ։ Դիմակներ ընտրելու ազատությունն այդ գիշեր, փաստորեն, ոչնչով չէր սահմանափակված։ Սակայն նորեկը Հերովդեսից էլ հերովդացել էր և ոտնակոխել էր նույնիսկ իշխանի հանդուրժած պատշաճության մշուշոտ սահմանները: Ամենաանհոգ մարդկանց սրտերում իսկ կան լարեր, որոնց չի կարելի դիպչել: Եվ նույնիսկ կործանված հոգիները, որոնց համար կյանքն ու մահը խաղ ու պար է, չեն համարձակվում խաղի վերածել որոշ բաներ։ Ներկաներից բոլորը կարծես թե զգացին, որ նորեկի ոչ հագուստը և ոչ էլ վարմունքը տեղին չէր և հազիվ թե սրամիտ։ Նա բարձրահասակ էր ու նիհար, ոտքից գլուխ պատանքի մեջ փաթաթված։ Դեմքը թաքցնող դիմակը այնքան էր փայտացած դիակ հիշեցնում, որ կեղծիքը հազիվ թե երևան գար նույնիսկ մանրազնին քննության դեպքում։ Խենթացած ամբոխը կհանդուրժեր և գուցե հավանություն տար դրան, բայց դիմակավոր անծանոթն իրեն թույլ էր տվել Կարմիր Մահի տեսք ընդունել՝ նրա հանդերձանքը թաթախված էր արյան մեջ, իսկ լայն ճակատն ու դեմքը ծածկված էին զարհուրելի բոսորագույն ցանով։
Երբ իշխան Պրոսպերոն տեսավ ուրվականին (որն ասես իր դերին չդավաճանելու համար ծանր ու հանդիսավոր քայլերով չափում էր դահլիճները), նա ցնցվեց երկյուղից ու զզվանքից. հաջորդ պահին նրա դեմքը վրդովմունքից շառագունել էր։
― Ո՞վ է համարձակվել,― խռպոտ ձայնով գոչեց նա,― ո՞վ է համարձակվել այս ստոր զավեշտով անպատվել մեզ։ Բռնեք դրան ու պոկեք դիմակը, և մենք կիմանանք, թե ով է լուսաբացին կախաղան ելնելու։
Իշխանի խոսքերը, հնչեղ արձագանք ստանալով պատերից, պարզ լսվեցին բոլոր յոթ դահլիճներում, մանավանդ, որ նա հաղթանդամ մարդ էր և առնական ձայն ուներ, իսկ իր ձեռքի շարժումից երաժշտությունը լռել էր։
Իշխանը կանգնած էր արևելյան կամ կապույտ դահլիճում, շրջապատված մի խումբ սփրթնած դրանիկներով։ Նրա առաջին իսկ խոսքերից ներկաները նետվեցին դեպի ինքնակոչ հյուրը, որը հանգիստ ու հաստատուն քայլերով մոտենում էր իշխանին։ Բայց անբացատրելի սարսափով համակված (որ ներշնչել էր