Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժ ուներ։ Գետը բոլորովին չէր կարկաչում և այնքան սահուն էր, որ նրա մարգարտե խճաքարերը, որոնցով մենք հաճախ զմայլվում էինք, միշտ անշարժ պառկած էին մնում իրենց տեղում, սքանչելի փայլ արձակելով։

Գետի և իր բյուրավոր ջինջ վտակների ափերն ու այն լանջը, որն ափերից իջնում էր դեպի հունը, ինչպես նաև ամբողջ հովիտը մինչև սարալանջերը ծածկված էին կարճ, խիտ և զարմանալիորեն հարթ կանաչ խոտի գորգով, որը համեմուկի բույր ուներ և նախշված էր մանուշակներով, դեղին հրանունկներով, սպիտակ մարգարտածաղիկներով ու արնագույն ասֆոդելներով, որոնց անմահական գեղեցկությունը երկնային փառք ու սեր էր ավետում մեր սրտերին։

Տեղ֊տեղ այդ սքանչելի գորգի միջից բարձրանում էին սլացիկ ծառերի հեքիաթային պուրակները։ Անուրջների ծնունդ հիշեցնող այդ ծառերն աճում էին ոչ թե մոմի պես ձիգ, այլ նազանքով ճկվելով մղվում էին դեպի լույսը, որը կեսօրին թափանցում էր հովիտը։ Նրանց կեղևն արծաթին տվող սևաթույր փայլ ուներ և իր նրբությամբ կգերազանցեր ամեն բան, բացի Էլեոնորայի այտերից։ Եթե չլիներ զմրուխտե սաղարթը, այդ ծառերը կարելի էր նմանեցնել իրենց տիրակալ Արևին երկրպագող սիրիական հսկա վիշապների։

Տասնհինգ տարի ձեռք֊ձեռքի տված թափառում էինք մենք այդ հովտում, մինչև որ սերն այցելեց մեր սրտերը։ Դա պատահեց մի երեկո, երբ դեռ նոր էր լրանում Էլեոնորայի տասնհինգ, իսկ իմ քսան տարին, և մենք, օձաձև ծառերի տակ գրկախառնված, Լռության Գետի ջրերում դիտում էինք մեր արտացոլումը։ Այդ քաղցր օրվա մնացորդը մենք անցկացրինք լռության մեջ և նույնիսկ առավոտյան մեր խոսքերը քիչ էին և երկչոտ։ Գետի ալիքները մեզ էին ավանդել Էրոս աստծուն, և Նա հրկիզել էր մեր մեջ մեր նախնիների կրակոտ ոգին։ Դարերով մեր տոհմերն առանձնացնող կրքերը, ձուլվելով նրանց նույնքան հատուկ անուրջներին, երանության ու վայելքների մոլուցքով պարուրեցին Երփներանգ Ծաղիկների Հովիտը։ Ամեն ինչ հանկարծ փոխվեց։ Ծառերը, որոնք մինչ այդ երբեք չէին ծաղկել, պոռթկացին տարօրինակ աստղաձև ծաղիկների բույլերով։ Զմրուխտե գորգի երանգն ավելի խորացավ, իսկ այնտեղ, որտեղ մեկ առ մեկ թոշնում էին մարգարտածաղիկները, տասնյակներով բացվեցին սուտակագույն ասֆոդելները։ Ամենուր մեր առջև