Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անակնկալ այցելում են մեզ։ Նա, ով երբեք չի ուշաթափվել, մարող ածուխների մեջ երբևէ դղյակներ ու անծանոթ դեմքեր չի տեսնի, չի զմայլվի օտար ու անծանոթ ծաղիկների բույրով և չի նկատի օդում սավառնող այն տխուր պատկերները, որոնք մատչելի չեն ուրիշներին. այդ մարդը երբեք չի ցնցվի, բազում անգամ լսված մեղեդու մեջ նոր, անծանոթ իմաստ հայտնաբերելով։

Հաճախ, ճգնելով վերականգնել, վերհիշել իմ հոգու թվացյալ անգոյության վիճակը, ես կարծես թե հասնում էի հաջողության։ Բազմաթիվ կարճատև պահերի ինձ թվում էր, թե ես ինչ֊որ բաներ եմ հիշում, որոնք իմ պարզաջրված դատողությունը հետո վերագրում էր ուշաթափված վիճակիս։ Այդ ստվերների մեջ ես հազիվ տարբերում էի ինչ֊որ երկար կերպարանքներ, որոնք ինձ բռնած շարունակ ներքև, ներքև ու ներքև էին տանում, մինչև որ այդ անվերջ վայրէջքի մտքից անգամ գլուխս սկսում էր պտտվել։ Հիշում եմ նաև այն տարօրինակ երկյուղը, որն իր իսկ անբնական հանգստության պատճառով իջել էր իմ սրտին։ Հետո հիշում եմ ամեն ինչին տիրած սարսափելի անդորրը՝ ասես իմ ուղեկիցներն անընդհատ ներքև իջնելով հատել էին անվերջության սահմանը, և, իրենց բեռից հոգնած, կանգ էին առել հանգստանալու։ Դրանից հետո հիշողության մոլեգնող ցնորք էր միայն, հիշողության, որն անցել էր թույլատրելիի սահմանը։

Հանկարծ հոգուս մեջ նորից ներխուժեցին շարժումն ու ձայնը՝ սրտիս անկանոն զարկերը և նրանց արձագանքն իմ ականջներում։ Հետո ամեն ինչ կորավ։ Հետո ես նորից ցնցվեցի շարժումից, ձայնից, հպումից։ Հետո, բավական երկար, մնացել էր սոսկ իմ գոյության գիտակցումը, առանց որևէ մտքի։ Հետո հանկարծ արթնացավ միտքը՝ վիճակս իմաստավորելու լարված ու ահավոր մի փորձ, որից միայն մոռացության իղձը մնաց։ Հետո զգայություններս վերականգնվեցին, և ես շարժվելու հաջող մի փորձ արեցի։ Եվ, վերջապես, դատը, սև պաստառները, ուշաթափությունը՝ ամեն ինչ իր տեղն ընկավ։ Դրանից հետո նորից իսպառ մոռացվեց այն ամենը, ինչ ինձ երկար ժամանակ անց հաջողվեց վերականգնել միայն հիշողության համառ ճիգերով։ Առայժմ ես աչքերս չէի բացել։ Զգում էի միայն, որ կապանքներս արձակված են, և ես պառկած եմ մեջքիս վրա։ Ես առաջ