Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մատնաչափ առ մատնաչափ, այնպես, որ շարժումը նկատվում էր միայն դարերի չափ երկար թվացող միջոցներում, ճոճանակն անողոքաբար ցած էր իջնում ու մոտենում ինձ։ Օրեր անցան, անհաշիվ օրեր, մինչև նա ցած իջավ այնքան, որ ես սկսեցի խեղդվել պողպատի բարկ շնչից։ Ես աղոթում էի, աղերսում էի աստծուն, որ ճոճանակն ինչքան կարելի է շուտ իջնի։ Ես մեկ մոլեգնում, մղվում էի սոսկալի յաթաղանին ընդառաջ, մեկ էլ հանկարծ թուլանում և հանգիստ պառկած նայում էի նրան ու ժպտում, ինչպես երեխան կժպտար մի պսպղուն խաղալիք տեսնելով։

Ես նորից ուշաթափվեցի, այս անգամ կարճ ժամանակով, քանի որ, երբ աչքերս բացեցի, ճոճանակը դեռ շատ չէր իջել։ Սակայն, հնարավոր էր, որ ես սխալված լինեի, քանի որ ինձ հետևող հրեշներն, անկասկած, կարող էին այդ ընթացքում դիտմամբ կանգնեցրած լինել ճոճանակը։ Բոլոր դեպքերում ես անչափ, ոչ, անասելի թույլ էի ու հոգնած, ասես երկար ժամանակ ոչինչ կերած չլինեի։ Նույնիսկ այդ տառապանքի մեջ հողեղեն մարմինս սնունդ էր պահանջում, և ես, մեծ դժվարությամբ, ինչքան որ թույլ էին տալիս իմ կապանքները, ձեռքս պարզեցի և վերցրի առնետների խնայած մսի փոքրիկ կտորը։

Նոր էի միսը բերանս դրել, երբ իմ ուղեղում մի աղոտ ու անսովոր, բայց հույսով լի միտք առկայծեց։ Սակայն ինչ գործ ունեի ես հույսի հետ, լինելի՞ք բան էր դա... Ինչպես ասացի, այդ միտքը կիսատ էր, մարդիկ միշտ էլ ունենում են նման մտքեր, որոնք սովորաբար անավարտ են մնում։ Ես զգում էի, որ այդ միտքը խնդություն և հույս է ներշնչում, բայց, ավա՜ղ, այն մեռավ դեռ չծնված։ Իզուր էի փորձում բռնել ու ետ բերել նրան, շարունակել, խորացնել... Երկարատև տառապանքներն ինձ իսպառ զրկել էին մտածելու կարողությունից ես մի խելապակաս ապուշ էի դարձել։

Ճոճանակը տատանվում էր իմ մարմնի լայնքով, և ես նկատեցի, որ այն ուղիղ սրտիս միջով պիտի անցներ։ Սկզբում նրա սուր շեղբը մի թեթև կքսվեր շապիկի կտավին, հետո ետ կգար ու նորից կքսվեր... հետո նորից ու նորից... Չնայած իր տատանման լայնքին (ավելի քան երեսուն ոտնաչափ) և ահռելի թափին, որը բավական էր զնդանի երկաթե պատերը փշրելու համար, սկզբում ճոճանակը կկտրեր միայն իմ շապիկի կտավը։ Այս մտքի վրա ես կարկամեցի ու կանգ առա։ Ես չէի համարձակվում