Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակել։ Ես կառչել էի այդ մտքից, կարծես թե կարող էի դրանով նույն մակարդակին պահել ճոճանակը։ Ես փորձում էի պատկերացնել սղոցվող կտավի ձայնը և այն, թե ինչպես է մարմինս սարսռալու և փշաքաղվելու այդ ձայնից: Վերջապես այդ մտքերով ես ինձ խելագարության դուռը հասցրի։

Իսկ ճոճանակն իջնում էր ու իջնում, ցա՜ծ, էլի՜ ցած, էլի՛ ու էլի՛... Ես խենթի հաճույք էի ստանում, համեմատելով նրա թափը իջնելու արագության հետ: Աջ, ձախ, հեռու, մոտիկ, վնգստալով, ինչպես մեղսագործները դժոխքում, վագրի դավադիր քայլերով ճոճանակը մոտենում էր սրտիս։ Ես մեկ հռհռում էի, մեկ կաղկանձում, նայած թե որ միտքն էր գերիշխում։

Ցա՜ց, անողոք ու անդադար ցա՜ծ։ Արդեն երեք մատնաչափ էր մնում, որ այն հասներ կրծքիս։ Ես խենթի պես գալարվում էի իմ կապանքների մեջ, փորձելով արձակել գոնե ձախ ձեռքս։ Նա ազատ էր միայն արմունկից մինչև դաստակ և դժվարությամբ շարժվում էր կավե ամանի ու բերանիս միջև, բայց ոչ ավելի։ Եթե ինձ հաջողվեր ձեռքս ազատել, ես կբռնեի և կկանգնեցնեի ճոճանակը... Նույն հաջողությամբ կարելի էր փորձել լեռան գագաթից սուրացող ահռելի մի ձնակույտ կանգնեցնել։

Ցա՜ծ, շարունա՜կ ցած, նույնքան անողոք, նույնքան անխուսափելի։ Ես շնչահեղձ էի լինում, ջղաձգորեն կծկվում էի նրա ամեն մի ճոճումից։ Անիմաստ մի անհամբերությամբ ես հետևում էի նրա շարժմանը, ակամա փակելով աչքերս, երբ նրա շեղբն ինձ էր մոտենում։ Մահն այդ պահին իսկական փրկություն կլիներ ինձ համար, երանելի՜ մի փրկություն։ Այնուհանդերձ մարմնովս մեկ դող էր անցնում, երբ պատկերացնում էի, թե ինչպիսի չնչին ճիգ պիտի գործադրի այդ մեքենան, որպեսզի կուրծքս մխրճի իր փայլատակող կացինը։ Բայց և այնպես կար մի բան, որը ստիպում էր իմ ամեն մի ջիղը, ամեն մի նյարդը հույսից թրթռալ: Դա այն հույսն էր, որը հաղթանակ է տանում նույնիսկ գելարանի վրա, և նույնիսկ հավատաքննության զնդաններում մխիթարության խոսքեր է շշնջում դատապարտվածներին։

Ես տեսա, որ մի տաս-տասներկու հարվածից պողպատն արդեն պիտի քսվեր իմ հագուստին: Այդ մտքից ուղեղս միանգամից պարզվեց, և վհատության սառը, սթափ հանգստությունը տիրեց իմ ամբողջ էությանը։ Երկար ժամերից կամ նույնիսկ օրերից հետո ես առաջին անգամ սկսեցի մտածել: Ես հանկարծ