Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկացա, որ իմ կապանքներն ընդամենը մեկ ամբողջական կտորից են բաղկացած։ Ահռելի շեղբի առաջին իսկ հարվածը հեշտությամբ կկտրեր այդ գոտին, և ձախ ձեռքիս օգնությամբ ես իսկույն կազատվեի կապանքներից։ Բայց ինչքա՜ն սարսափելի կլիներ այդ դեպքում ճոճանակի մոտիկությունը և ամեն մի շարժում՝ որքան կործանարար։ Եվ հնարավո՞ր էր արդյոք, որ դահճիս սատարներն այդպիսի անփութություն թույլ տային։ Մի՞թե ճոճանակի ուղին իսկապես հատում էր կապանքներս: Վախենալով կորցնել այդ թույլ և, հավանորեն, վերջին հույսը, ես այնուհանդերձ գլուխս բարձրացրի, որպեսզի ինչպես հարկն է զննեմ իմ կուրծքը։ Կաշվե գոտին պինդ գրկել էր ամբողջ մարմինս, բացի այն տեղից, ուր պիտի իջներ մահաբեր մահիկը:

Հազիվ էի գլուխս ետ դրել, երբ ուղեղումս մի նոր միտք փայլատակեց։ Ավելի շուտ դա երկրորդ, լրացնող մասն էր փրկության այն անորոշ գաղափարի, որի առաջին կեսը ծագել էր իմ գլխում, երբ ես չորացած շուրթերիս էի մոտեցնում ուտելիքը։ Հիմա այդ միտքն ինձ ներկայացավ ամբողջությամբ, թեև այն աղոտ էր, հազիվ թե ողջամիտ լիներ և այնքան էլ հստակ չէր։ Վհատության տենդագին եռանդից մղված, ես իսկույն գործի անցա։

Ընչաքաղց ու լկտի առնետները վաղուց արդեն վխտում էին իմ թախտի շուրջը։ Իրենց կարմիր աչքերը վրաս հառած, նրանք կարծես սպասում էին, որ ես բոլորովին ուժասպառ լինեմ, որպեսզի հոշոտեն ինձ։ «Հետաքրքիր է, ի՞նչ են ուտում սրանք այս հորում», ակամա մտածեցի ես։

Չնայած իմ ջանքերին, նրանք խժռել էին պնակի համարյա ամբողջ պարունակությունը։ Ես ձեռքս անընդհատ տարուբերում էի պնակի վրա, բայց այդ միօրինակ շարժումը շուտով կորցրեց իր ազդեցությունը։ Այդ անկուշտ արարածներն այնքան էին լկտիացել, որ հաճախ կծում էին նաև իմ մատները։ Ես վերցրի յուղոտ կերակրի մնացորդները, և, որտեղ որ ձեռքս հասնում էր, շփեցի կապանքներիս։ Հետո ձեռքս դրի կրծքիս և, շունչս պահած, անշարժացա։

Սկզբում առնետները խրտնեցին այդ անսովոր փոփոխությունից։ Նրանք տագնապահար ետ փախան, իսկ շատերը նույնիսկ մտան հորը։ Բայց ես զուր չէի ապավինել նրանց ագահությանը։ Տեսնելով, որ չեմ շարժվում, մի երկու համարձակ