Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սնոտի վախը աստիճանաբար տիրում էր ծեր շվեդի հոգուն, ես ինքս անխոս զարմանքով էի լցված։ Մենք թողեցինք նավին հետևելու ավելի քան անօգուտ գործը և հնարավորին չավ ամուր կապվելով խելակայմի հիմքին, դառը սրտով սկսեցինք հետևել օվկիանոսի քմայքներին։ Ժամանակը ստուգելու ոչ մի հնարավորություն չկար, հնարավոր չէր նույնիսկ գուշակել, թե որտեղ ենք գտնվում։ Համենայն դեպս, մենք հաստատ համոզված էինք, որ շատ ավելի հարավ էինք ընկել, քան մեզ նախորդող որևէ ծովագնաց։ Առավել ևս զարմանալի էր, որ մենք դեռ չէինք հանդիպել այդ վայրերի համար սովորական սառցաբեկորներին։ Չնայած դրան ամեն վայրկյան սպառնում էր մեզ համար վերջինը լինել, ամեն աժդահա ալիք ձգտում էր կլանել մեզ։ Ալեկոծությունն իր կատաղի թափով գերազանցում էր իմ պատկերացրած ամեն հնարավորություն, և մենք միայն հրաշքով էինք խույս տալիս վայրկենական կործանումից։ Ուղեկիցս սկսեց խոսել նավի բեռների թեթևության մասին, հիշեցրեց նրա գերազանց հատկությունները, բայց ես անհանգիստ էի։ Հույսն ինքն անհույս էր նման վիճակում։ Ես մռայլորեն պատրաստվում էի անխուսափելի մահվան, մինչ մեր անցած ամեն մղոնի հետ չարագուշակ ջրերի սև կուտակումներն ավելի ու ավելի սպառնալից էին դառնում։ Լինում էին պահեր, երբ մենք շնչակտուր էինք լինում, ալբատրոսներից էլ վեր բարձրանալով, հաջորդ պահին մենք արդեն գահավիժում էինք հեղեղուկ մի դժոխք, ուր օդը լճացած էր ու ոչ մի հնչյուն չէր խանգարում ծովային հրեշի մրափը։

Նման մի անդունդի հատակում էինք մենք, երբ հանկարծ ուղեկցիս սարսափահար ճիչը պատռեց գիշերվա խավարը. «Տե՛ս, տե՛ս,− գոռում էր նա ականջիս մեջ,− Ամենազո՜ր Տեր, նայիր, տես...»։ Ես տեսա անդունդի պատերով ծորացող դժգույն կարմրավուն մի լույս, որը տախտակամածին թրթռուն ցոլքեր էր նետում։ Ես վեր նայեցի և... աչքիս առաջ բացված տեսարանից արյունը սառեց իմ երակներում։ Ուղիղ մեր գլխավերևում, սարսափելի անդունդի եզրին, վեր էր խոյանում վիթխարի, մոտ չորս հազար տոննանոց մի նավ։ Թեև նա պառկած էր իրենից հարյուրապատիկ ավելի բարձր ալիքի բաշին, բայց նույնիսկ իր տեսանելի չափերով գերազանցում էր գոյություն ունեցող ցանկացած գծային կամ Օստ-հնդկական ընկերության նավին։ Նրա հսկա սևաթույր մարմինը զուրկ էր ուրիշ նավերի