Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիքի և արտակարգ թուլության դրոշմ ուներ։ Նրա ծնկները դողում էին, իսկ մարմինը երերում էր տարիների ծանր բեռի տակ։ Խուլ, ընդհատվող ձայնով նա ինձ համար անհասկանալի լեզվով ինչ-որ բան մրթմրթաց և սկսեց քրքրել անկյունում դիզված տարօրինակ գործիքների ու փտած քարտեզների կույտը։ Նրաա շարժուձևերն արտառոց կերպով համատեղում էին զառամյալ տարիքին հատուկ քմահաճ համառությունը աստվածներին վայել վեհության հետ։ Վերջապես նա դուրս եկավ, և ես այլևս չտեսա նրան։

* * *

Ինձ տիրել էր մի զգացում, որին ես դժվարանում եմ անուն տալ, մի վիճակ, որը վերլուծության չի ենթարկվում և չի կարող բացատրվել ոչ անցյալի փորձով, ոչ էլ, վախենամ, ապագայի դարձերով։ Այնպիսի մտածելակերպի համար, որպիսին իմն է, դժբախտությունը հենց այս պարագայի մեջ է։ Ես երբեք, ոչ մի դեպքում, չեմ բավարարվի իմ պատկերացումների բնույթով։ Եվ բնավ զարմանալի չէ, որ այդ պատկերացումները վերջավոր չեն,— չէ՞ որ նրանք ծագում են բոլորովին նոր և անծանոթ աղբյուրներից։ Կարծես մի նոր ըմբռնում, նոր էություն է գումարվել իմ հոգուն։

* * *

Վաղուց է արդեն ինչ ոտք եմ դրել այս ահավոր նավը, և, ինչպես երևում է, ճակատագրիս շառավիղները սկսում են հավաքվել իրենց կիզակետում։ Անըմբռնելի մարդիկ, նրանք անցնում են առանց ինձ նկատելու, խորասուզված այնպիսի մտորումների մեջ, որոնք ես անկարող եմ գուշակել։ Թաքնվելը բացարձակ հիմարություն է իմ կողմից, նրանք ինձ չեն ուզում տեսնել։ Հենց նոր ես անցա ղեկապետի քթի տակով, իսկ դրանից առաջ նույնիսկ համարձակվել էի մտնել նավապետի անձնական խցիկը վերցնել այն պիտույքները, որոնցով գրել և գրում եմ մինչ այժմ։ Ժամանակ առ ժամանակ ես կշարունակեմ այս պատմությունը։ Միգուցե ես իսկապես չկարողանամ այն հասցնել աշխարհին, սակայն փորձելու առիթը, համենայն դեպս, չեմ կորցնի։ Վերջին պահին ձեռագիրը շշի մեջ կդնեմ և կնետեմ ծովը։